ԵՐԵՎԱՆ, 30 մարտի - Sputnik. Հայ ռեժիսոր Սերգեյ Սարկիսովի «Չարի հպումը» («Evil Touch») սերիալը, որը պատմում է ամերիկացի ուսանողների Հայաստան ճանապարհորդության մասին, ընդգրկվել է «Էմմի» մրցանակաբաշխության հայտատուների կարճ ցուցակում: Տեղեկությունը հայտնում է ТАСС-ը՝ հղում անելով ռուս-ամերիկյան Blitz Films ընկերությանը,որը զբաղվում է մինի-սերիալի արտադրությամբ:
«Չարի հպումը» հայաստանյան Academy Films, ամերիկյան Associated Television International և ռուս-ամերիկյան Blitz Films ընկերությունների համատեղ արտադրություն է։ Գլխավոր պրոդյուսերն ամերիկացի Դեյվիդ Մաք-Քենզին է, ռեժիսորը՝ Սերգեյ Սարկիսովը։
Մինի-սերիալի ողջ նկարահանումները տեղի են ունեցել Հայաստանի տարածքում՝ ամերիկյան հեռուստատեսության համար` հայ, ամերիկացի, բրիտանացի դերասանների մասնակցությամբ և ռուսաստանցի նկարահանող խմբի օժանդակությամբ։
«Այս ֆիլմի արտադրությունն օգնեց արտասահմանյան կինոգործիչներին գնահատել Հայաստանում կինոարդյունաբերության ներուժը, ծանոթանալ կինոարտադրության համար տեսարժան վայրերին, զգալ դերասանների պրոֆեսիոնալիզմը», - ասել է «Չարի հպումը» սերիալի ռեժիսոր Սերգեյ Սարկիսովը։
«Գրողը տանի, ի՞նչ է այնտեղ կատարվում». Թրամփը` «Օսկար» հանձնելու մասին. տեսանյութ
Ըստ սցենարի, մի խումբ ամերիկացի ուսանողներ պատահաբար հայտնվում են հայկական խուլ գյուղում: Ստիպված լինելով այնտեղ գիշերել` նրանք շուտով գիտակցում են, որ տեղանքը վտանգավոր է, քանի որ պարզվում է, որ դարեր շարունակ այստեղ է բնակվում «չար ոգին»։
Նկարահանումներին մասնակցել են ամերիկացի դերասաններ Ջենիֆեր Վիլը, Ջոի Նեսիվոչիան, Փերի Սթրոնգը, Կարմեն Հոջսոնը, Քրիս Սփարքսը, Մելորի Գոլդբերգը և Դենիել Քովինը։ Հայ դերասաններից սերիալում հանդես են գալիս Ալեքսանդր Խաչատրյանը, Արսեն Գրիգորյանը Անուշ Առաքելյանը և այլք։
«Օսկար» մրցանակաբաշխության զվարճալի ու անսպասելի պահերը. տեսանյութեր
«Էմմի» մրցանակաբաշխության հավակնորդների և դափնեկիրների ցուցակը որոշելու են կազմակերպիչները մինչև ապրիլի 26-ը: Պարգևատրման արարողությունը հետաձգվեց անորոշ ժամանակով ՝ կորոնավիրուսի տարածման սպառնալիքի պատճառով։ Ենթադրվում էր, որ այն տեղի կունենա 2020 թվականի հունիսին: