ԵՐԵՎԱՆ, 30 մարտի – Sputnik. Երևանի քաղաքապետարանի աշխատակիցների մարտ ամսվա պարգևավճարների ամբողջ ֆոնդը կփոխանցվի Երևան համայնքի ենթակայությամբ գործող այն բուժհիմնարկների աշխատակիցներին, որոնք պայքարում են կորոնավիրուսի վարակի դեմ։ Այս որոշման մասին այսօր իր տեսաուղերձում հայտնել է քաղաքապետ Հայկ Մարությանը՝ նշելով, որ քաղաքապետարանի աշխատակիցներն իր այս որոշմանն ընբռնումով են վերաբերվել:
«Սա այն փոքրիկ ներդրումն է, որը մենք կարող ենք անել մեր բժիշկների համար»,- ասել է նա:
Հայկ Մարությանը նաև հայտնել է, որ բուժհիմնարկներին փոխանցվող ընդհանուր գումարը կազմում է շուրջ 130 միլիոն դրամ: Այդ գումարը կբաշխվի երևանյան հիվանդանոցների, պոլիկլինիկաների, շտապօգնության ծառայության շուրջ 1800 աշխատակիցներին:
Ինչ բերաբերում է իրեն, ապա Մարությանն այդ նպատակով պարգևավճարի փոխարեն որոշել է փոխանցել իր մեկ ամսվա աշխատավարձը:
«Ես քաղաքապետի պաշտոնում իմ աշխատանքի առաջին իսկ օրվանից երբևիցե պարգևավճար չեմ ստացել, ուստի ես իմ մարտ ամսվա աշխատավարձը կփոխանցեմ բժիշկներին»,- ասել է Մարությանը:
Բժշկականի ուսանողներին ցուցակագրում են. հնարավոր է` բժիշկները չհերիքեն
Քաղաքապետը նաև շնորհակալություն է հայտնել օր ու գիշեր նվիրված աշխատող բժիշկներին, արտակարգ դրության սահմանափակումների կանոնները պահպանող երևանցիներին, իսկ դրանք խախտողներին կոչ է արել չվտանգել իրենց ու ուրիշների կյանքն ու առողջությունը, և սեփական թեթևամտության հետևանքով չգրավել հիվանդանցային այն մահճակալը, որը կարող էր փրկել մեր ուրիշ համաքաղաքացու կյանքը:
MERCI Էյֆելյան աշտարակի վրա. Փարիզում երախտապարտ են կորոնավիրուսի դեմ պայքարող բժիշկներին
Հիշեցնենք՝ Հայաստանում կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով մարտի 16-ից ապրիլի 14-ն արտակարգ դրություն է հայտարարվել: Սահմանափակվել է մուտքն ու ելքը երկիր: Մարտի 1-30-ը մեր երկրում 482 կորոնավիրուսով վարակվելու դեպք է արձանագրվել, ևս 2216 թեստի պատասխան բացասական է եղել։