ԵՐԵՎԱՆ, 30 մարտի — Sputnik. ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը բուհերի ռեկտորներին գրություններ է ուղարկել, որով առաջարկել է կորոնավիրուսով պայմանավորված արտակարգ դրության ժամանակահատվածում զերծ մնալ ուսման վարձերը չվճարած ուսանողներին ուսման գործընթացից դուրս թողնելուց: Տեղեկությունը նախարարը հայտնեց facebook-ում ուղիղ միացման ժամանակ:
Նույն գրությամբ, նախարարն առաջարկել է նաև արտակարգ դրության ավարտից հետո սահմանել ուսման վարձերի վճարման ժամանակացույց:
«Ես ուզում եմ խնդրել ուսանողներին, հորդորել, կոչ անել, որ սա որպես հիմք չընդունեն, ու բոլոր նրանք, ովքեր ունեն հնարավորություն վճարելու ուսման վարձերն առանց հետաձգման, ովքեր ունեն աշխատանք, կայուն եկամուտ, անպայման վճարեն»,- ասաց Հարությունյանը:
Նա հիշեցրեց, որ բուհերի համար վարձավճարները հաճախ հիմնական եկամտի աղբյուր են, դրանցից են վճարվում նաև աշխատավարձերը: Հետևաբար դրանք կարևոր են նաև բուհական համակարգերի չփլուզման համար:
Իր խոսքում նախարարն անդրադարձավ նաև կրթության առցանց ուսուցման համակարգին՝ նշելով, որ այն առաջին իսկ օրվանից լայնորեն կիրառվում է բուհական համակարգում, ինչի շնորհիվ բուհերը կրթական ծրագրերից հետ չեն մնում:
Ուսուցիչները կորոշեն` հեռավար դասերից հետո լրացուցիչ դասաժամերի կանցնեն, թե ոչ. նախարար
«Ասում են, որ որոշ մագիստրոսական ծրագրերի դեպքում մասնակցությունը շատ ավելի մեծ է, քան երբ որ դասերը լսարանում էին տեղի ունենում, այնպես որ այս արդյունավետ համագոյակցության ծրագրերը պետք է շարունակենք, մինչև արտակարգ ռեժիմի ավարտը»- հայտնեց Արայիկ Հարությունյանը:
Աշակերտների միայն 80 տոկոսն է կարողանում մասնակցել հեռավար դասերին. նախարար
Հիշեցնենք՝ Հայաստանում կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով մարտի 16-ից ապրիլի 14-ն արտակարգ դրություն է հայտարարվել:
Արտակարգ դրություն հայտարարելուց օրեր անց ՀՀ կրթական բոլոր հաստատությունները սկսեցին կիրառել առցանց կրթության հարթակներ: