Ուզում են արտակարգ դրության ընթացքում հսկել` ով ում հետ է շփվում ու երբ ուր է գնացել

Հեռախոսային զանգերի կամ հաղորդագրությունների բովանդակությունը հասանելի չի լինելու, սակայն անձի մասին մի շարք այլ տեղեկություններ կհավաքագրվեն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 մարտի – Sputnik. ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն այսօր ԱԺ նիստում ասաց` եթե արտակարգ դրությունն առաջացել է համաճարակի հետևանքով, կարող է միջամտություն իրականացվել անձնական տվյալների պաշտպանության, մասնավոր և ընտանեկան կյանքի անձեռնմխելիության, հաղորդակցության ազատության և գաղտնիության իրավունքներին: Նրա խոսքով` անհրաժեշտություն է առաջացել լրացումներ կատարել արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին ՀՀ օրենքում։

Կորոնավիրուսով վարակվածներից 14–ի վիճակը ծանր է, մեկինը` ծայրահեղ ծանր. Արսեն Թորոսյան

«Իհարկե, մեկ անգամ ևս շեշտեմ, որ սա վերաբերում է բացառապես համաճարակի հետևանքով առաջացած արտակարգ դրություն հայտարարելուն: Այսինքն` այլ արտակարգ դրությունների դեպքում անձնական տվյալների, հաղորդակցության, մասնավոր և անձնական կյանքի միջամտություն չի ենթադրվում»,– ասաց նախարարը։

Նրա խոսքով` այս միջամտությունը սահմանափակ է և արտակարգ դրության ավարտից հետո այն չի կարող գործել։ Իսկ քաղաքացիների մասին հավաքագրված տեղեկությունները փոխանցվում են կառավարության որոշմամբ սահմանված մարմիններին։

Տասնյակ զինվորներ ծառայության են վերադառնում մեկուսացումից և ինքնամեկուսացումից. Տոնոյան

Բադասյանը տեղեկացրեց` արդյունքում կատարվելու է անձի տեղորոշումը, ամրագրվելու են նրա հեռախոսահամարի հետ ուղիղ կամ միջնորդավորված կապ ունեցող հեռախոսահամարները, նշվելու է հեռախոսային խոսակցություն սկսելու ամսաթիվը։

Նա վստահեցրեց նաև, որ հեռախոսային զանգերի կամ հաղորդագրությունների բովանդակությունը հասանելի չի լինելու։

Բացի այդ, նախարարը հիշեցրեց, որ անձնական կամ ընտանեկան կյանքի մասին ապօրինի տեղեկություններ հավաքելու, օգտագործելու համար քրեական հետապնդում է նախատեսված։

Հիշեցնենք` Հայաստանում կորոնավիրուսով վարակված մարդկանց թիվը հասել է 482–ի: Մեկ օրվա ընթացքում թեստի դրական պատասխան է գրանցվել 58 մարդու մոտ։

Կորոնավիրուսով վարակվածներից 14–ի վիճակը ծանր է, մեկինը` ծայրահեղ ծանր. Արսեն Թորոսյան