Հայաստանում ուզում են թոքերի օդափոխման սարքեր արտադրել և սպասում են առաջարկների

Հակոբ Արշակյանն ուղիղ եթերում հորդորեց թոքերի օդափոխման սարքերի վերաբերյալ առաջարկները ներկայացնել էլեկտրոնային նամակով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 մարտի – Sputnik. ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը թոքերի օդափոխման սարքերի նախագծման, իրականացման, ամբողջական կամ մասնակի արտադրության գաղափարների և առաջարկների է սպասում։ Նախարար Հակոբ Արշակյանը Facebook–ի ուղիղ եթերում հայտնեց, որ որոշակի աշխատանքներ են տարել հասկանալու համար, թե ինչպես կարելի է կորոնավիրուսի դեմ պայքարում աջակցել առողջապահության համակարգի գործընկերներին։

«Մի քանի օր է՝ մի խումբ ինժեներների հետ ուսումնասիրվում է թոքերի օդափոխության անսարք համակարգերը Հայաստանում արտադրելու հնարավորությունները», - ասաց նա։

Նրանք, ովքեր կարող են այս հարցում օգնել և իրենց փորձը փոխանցել, կարող են նամակ գրել covid19@hti.am էլեկտրոնային հասցեին մինչև ս.թ. ապրիլի 5-ը։

«Ինձ արդեն հայտնել են, որ մի քանի փչացած սարքերից մեկը հնարավոր է եղել վերականգնել։ Եթե դուք գիտեք, որ ինչ–որ տեղում չաշխատող սարքեր կան, այդ մասին էլ հայտնեք, որովհետև դրանք վերականգնելն ավելի հեշտ է, քան նորը ստեղծելը»,– ասաց նախարարը։

Հիշեցնենք` երեկվա տվյալներով` Հայաստանում 424 մարդ է վարակվել կորոնավիրուսով։ Երեքը մահացել են։