Ադրբեջանական դիվերսիոն գործողություններից վիրավորված զինծառայողներին կտեղափոխեն Երևան

ՀՀ ՊՆ-ն հայտնում է, որ վիրավոր զինծառայողների վիճակը կայուն է, նրանց կյանքին վտանգ չի սպառնում:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 մարտի –Sputnik. Տավուշի մարզում, հայ-ադրբեջանական սահմանին ադրբեջանական դիվերսիոն ներթափանցման փորձի ժամանակ վիրավորված երկու զինծառայողների վիճակը կայուն է, նրանց կյանքին վտանգ չի սպառնում: Տեղեկությունը facebook-ում հայտում է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը:

Այդուհանդերձ, ըստ նրա, զինծառայողներին որոշվել է տեղափոխել Երևան:  Քանի որ զինված ուժերի ռազմաբժշկական վարչության որդեգրած մոտեցումն է այդպիսին»,- գրում է Ստեփանյանը:

Տավուշում վիրավորված երեխայի վիճակը կայուն ծանր է. նրան տեղափոխում են Երևան

Հիշեցնենք, այսօր ժամը 19:00-ի սահմաններում ադրբեջանական կողմը ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձ Տավուշի մարզի Նոյեմբերյանի շրջանի հայկական դիրքերի ուղղությամբ:

ՀՀ ՊՆ-ը տարածած հայտարարության մեջ հայտնել էր, որ հայկական դիրքապահ ուժերի գործողությունների շնորհիվ հակառակորդը հետ է շպրտվել, կորուստների վերաբերյալ տեղեկությունները ճշտվում են: Իսկ հայկական կողմը կորուստներ չունի, գործողությունների հետևանքով թեթև վիրավորում են ստացել երկու զինծառայող:

Դիվերսիոն գործողության ժամանակ հակառակորդը թիրախավորել էր Բաղանիս և Ոսկեվան գյուղերը, ինչի հետևանքով վիրավորում է ստացել Ոսկեվան համայնքի բնակիչ 15–ամյա մի տղա, որն այդ պահին գտնվել է պատշգամբում:

Երեխան վիրահատվել էր Նոյեմբերյանի բժշկական կենտրոնում և այժմ տեղափոխվում է Երևան: Նրա վիճակը գնահտվում է կայուն ծանր, կյանքին վտանգ չի սպառնում: