Պահպանել հեռավորություն անգամ ընդմիջման ժամին․ բուժաշխատողների նոր կոչը

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների մեծ մասը Երևանի հենց այս բժշկական կենտրոնում  են  գտնվում:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 մարտի - Sputnik. Երևանի «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի բուժանձնակազմը ցույց  է տվել, թե ինչ սահմանափակումների և կանխարգելիչ գործողությունների են դիմում  ընդմիջման ժամին։

Հիվանդանոցի Facebook-ի պաշտոնական էջում հրապարակված լուսանկարում  երևում է, թե ինչպես են բուժաշխատողները սուրճ խմում՝ միմյանցից պահպանելով սոցիալական հեռավորությունը։

«Անձնակազմը ընդմիջման ժամանա՝ հեռավորությունը պահելով»,-լուսանկարին կից  արված է գրառումը։

Ավելի վաղ Հայաստանի բժիշկների երեխաները սոցիալական ցանցերում ֆլեշմոբ էին սկսել, որով կոչ էին անում հանրությանը մնալ տանը, որպեսզի իրենց ծնողներն էլ վերջապես տուն վերադառնան։ Նման կոչով պարբերաբար հանդես են գալիս նաև բուժաշխատողները։

Նշենք, որ ՀՀ-ում առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի 14 աշխատակիցներ վարակվել են կորոնավիրուսով:

Հայաստանում կորոնավիրուսով վարակված մարդկանց թիվն այսօր դարձավ 482: Ժամը 11։00–ի տվյալներով` բուժվել է 30 մարդ, փաստացի բուժվողները 449–ն են, բացասական են եղել 2216 թեստի արդյունքները։ Մահացել է 3 մարդ։

Հիշեցնենք` Հայաստանում կորոնավիրուսով վարակվելու առաջին դեպքը գրանցվել է մարտի 1-ին: Վարակվածը 29-ամյա տղամարդ էր, որ Երևան էր ժամանել Իրանից, նա արդեն դուրս է գրվել հիվանդանոցից: