Մհեր Գրիգորյանը չի բացառում, որ գազի գնի նվազման մասին քննարկում կլինի

Կառավարության լրատվական կենտրոնում կայացած ասուլիսի ժամանակ փոխվարչապետն անդրադարձել է գազի գնի հնարավոր նվազմանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 մարտի Sputnik. ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը չի բացառում, որ գազի գնի նվազման մասին քննարկում կլինի ռուսական կողմի հետ։ Գրիգորյանն այս մասին ասաց կառավարության մամուլի կենտրոնում կայացած ասուլիսի ժամանակ` պատասխանելով Sputnik Արմենիայի հարցին, թե նավթի գների անկման պայմաններում ի՞նչ փոփոխություններ են նախատեսվում գազի գնի առումով, ե՞րբ են նախանշված ռուսական կողմի հետ բանակցությունները և հնարավո՞ր է փոփոխություններ լինեն իրանական կողմի գազի մատակարարման պայմաններում։

«Գազպրոմ Արմենիան» արտակարգ դրության ընթացքում գազը չի անջատի

«Գազի գնի փոփոխություն, իհարկե, տեղի կունենա աշխարհում։ Էներգառեսուրսների գների փոփոխություն արդեն իսկ կա, ինչը կհանգեցնի այլ էներգակիրների գների փոփոխման։ Չեմ բացառում  նվազումը, և, իհարկե, քննարկումներ սկսվելու են այդ առումով»,–ասաց Գրիգորյանը։

Մյուս կողմից, ըստ նրա, նավթի գնից բխող տատանումը տալիս է որոշակի էֆեկտներ, երբ համագործակցությունը կայանում է լողացող բանաձևով, սակայն Հայաստանի դեպքում ֆիքսված գին է գործում։ Սա էլ, Գրիգորյանի խոսքով, որոշ դեպքերում դրական, որոշ դեպքերում` ոչ այնքան դրական արդյունք է տալիս։

Փոխվարչապետը նշեց` պետք է վերլուծություններ անեն ու եթե հասկանան` իրավիճակը երկար է տևելու, կմտածեն  բանաձևային գնի տարբերակ քննարկելու մասին։ Սակայն մեկ շաբաթվա կամ անգամ մեկ ամսվա կտրվածքով նավթի գնի անկնման պայմաններում պետք չէ որոշում կայացնել։

Հիշեցնենք` 2020 թվականի հունվարի 1-ից Հայաստանի համար ռուսական գազի գինը պահպանվել է 2019 թվականի մակարդակում ՝ հազար խորանարդ մետրի դիմաց 165 դոլար՝ 2018 թվականի 150 դոլարի փոխարեն։ Ընդ որում, Հայաստանի ներսում սպառողների համար սակագներն արդեն երկրորդ տարին է` չեն փոխվում. տնային տնտեսությունների համար գազի գինը նախկինի պես կազմում է 139 հազար դրամ (հազար խորանարդ մետրի դիմաց) կամ մոտավորապես 290 դոլար:

Արտակարգ ռեժիմում Հայաստանն անջուր ու անլույս չի մնա. նրանք աշխատում են, որ դուք մնաք տանը

Նավթի գները 30%–ով նվազեցին, երբ մարտի 6-ին ՕՊԵԿ–ի երկրները չկարողացան պայմանավորվածություն ձեռք բերել ո՛չ արդյունահանման կրճատման վերաբերյալ գործարքի պարամետրերի փոփոխման, ո՛չ էլ դրա երկարացման շուրջ։ Նավթի գների անկման ֆոնին աճեց ռուբլու նկատմամբ դոլարի և եվրոյի փոխարժեքը։ Նավթի գների ներկայիս անկումը ամենառեկորդայինն է 1991 թվականից ի վեր (Պարսից ծոցում պատերազմի ավարտից հետո)։