«Մնացեք տանը, որ մամաս շուտ գա տուն». Մասիսի բժիշկների երեխաների հուզիչ ֆլեշմոբը

Բուժաշխատողների երեխաները պաստառներ են պատրաստել, լուսանկարվել` խնդրելով բոլորին տնից դուրս չգալ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 մարտի — Sputnik. «Մասիս բժշկական կենտրոնում» աշխատող բուժաշխատողների երեխաները հետաքրքիր ձևով մարդկանց հորդորել են տանը մնալ։ ԲԿ–ի Facebook սոցիալական ցանցի էջում բուժաշխատողների երեխաների լուսանկարներն են հայտնվել` պաստառներով։

«Նորք» ԲԿ–ին կից կառուցվող նոր մեկուսարանների բոլոր մոդուլներն արդեն տեղում են

«Մնացեք տանը, որ պապաս գա տուն», «Ես կարոտել եմ պապայիս, մնացեք տանը, որ ինքը գա տուն», «Մնացեք տանը, որ մամաս շուտ տուն գա» պաստառներով երեխաները հորդորում են մնալ տանն ու պահել արտակարգ դրության ռեժիմը։

«Մեր փոքրիկների խնդրանքը մեծ չէ, իսկ նրանց կարոտը մեծ է»,–գրված է երեխաների լուսանկարներին կից։

Նշենք, որ այս օրերին մի շարք բժիշկներ օրերով մնում են հիվանդանոցներում, հրաժարվում տուն գնալ և գիշերել, որ հանկարծ տան անդամներին չվարակեն։

Հիշեցնենք` այսօր հայտնի դարձավ, որ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի քաղաքային մասնաճյուղի 14 աշխատակիցների մոտ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդություն։ Մինչ այդ ունեինք երկու բժշկի և շտապօգնության մեկ վարորդի` կորոնավիրուսով վարակման դեպք։

Այս պահի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը 424–ն է։ Կորոնավիրուսի տարածման կանխարգելման նպատակով Հայաստանում մարտի 16–ից ապրիլի 14–ն արտակարգ դրություն է սահմանվել։