Հայաստանում կորոնավիրուսով հիվանդներից 2-ի վիճակը ծայրահեղ ծանր է

ԱՆ խոսնակը նաև լավ լուր է հաղորդել՝ ևս երկու հիվանդ լիովին ապաքինվել և դուրս են գրվել հիվանդանոցից, առողջացածների թիվն արդեն 30 է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 մարտի- Sputnik. Այս պահին Հայաստանում կորոնավիրուսով վարակված հիվանդների մի մասի վիճակը բժիշկները գնահատում են ծանր։ Թոքաբորբով 13 հիվանդ այս պահին վերակենդանացման բաժանմունքում են։ Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը Facebook-ի իր էջում նոր տեղեկություններ է հրապարակել հիվանդների առողջական վիճակի մասին։

«Այս պահի դրությամբ ինֆեկցիոն հիվանդանոցի ինտենսիվ թերապիայի բաժանմունքում բժշկական օգնություն և սպասարկում է ստանում թոքաբորբով 13 պացիենտ, որոնցից 2-ի վիճակը բժիշկները գնահատում են ծայրահեղ ծանր (ինտուբացված են)»,- գրել է Նիկողոսյանը։

Կորոնավիրուսը դեռ կանգ չի առնում. Հայաստանում արդեն վարակի 372 դեպք է գրանցվել

Նրա տեղեկություններով՝ ևս 2 հիվանդի վիճակը բժիշկները գնահատում են ծանր (հարաբերական կայուն), մնացած 9-ինը՝ կայուն ծանր։
ԱՆ խոսնակը նաև լավ լուր է հաղորդել՝ առողջացածների թիվն արդեն 30 է։ Հիվանդանոցում բուժվող 2 քաղաքացու մոտ կորոնավիրուսային հիվանդության կրկնակի թեստ է անցկացվել. արդյունքները բացասական են եղել։ Նրանք արդեն դուրս են գրվել հիվանդանոցից։

Հիշեցնենք` մարտի 26-ին Հայաստանում գրանցվեց կորոնավիրուսից մահանալու առաջին դեպքը։

Այսօրվա դրությամբ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը 372 է։