Սևաբերդի ջրամբարում մեծ քանակությամբ ձկներ են սատկել. մարզպետը մարդ է ուղարկել դեպքի վայր

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Կոտայքի տարածքային բաժնի աշխատակիցներն այսօր ուսումնասիրություն կիրականացնեն, կկատարեն ջրի նմուշառում՝ կատարվածի պատճառները պարզելու համար:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 մարտի – Sputnik. Ֆեյսբուքյան օգտատեր Տիգրան Առաքելյանը տեսանյութ է հրապարակել, որի համաձայն՝ Սևաբերդի ջրամբարում ձկների զանգվածային անկում է տեղի ունեցել: Տեսանյութում մեծ քանակությամբ սատկած ձկներ են կուտակված ջրամբարի ափամերձ հատվածում:

Բնապահպանական աղետ Արցախում. ո՞վ է մեղավոր ձկների զանգվածային սպանդի համար

«Սա այսօրվա նկարած է։ Սևաբերդի ջրամբար։ Բնապահպաններն ու իրավապահները պետք է պարզեն՝ սա ինչի արդյունք է»,- գրում է տեսանյութի հեղինակը:

Ի պատասխան քաղաքացու ահազանգի՝ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը հայտնում է, որ տեսանյութի վերաբերյալ տեղեկացվել են տեսչության Կոտայքի տարածքային բաժնի աշխատակիցները: Նրանք այսօր ուսումնասիրություն կիրականացնեն, կկատարեն ջրի նմուշառման աշխատանքներ:

«Օրենքով սահմանված կարգով կտրվի համապատասխան ընթացք: Կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն»,- ասված է տեսչական մարմնի հայտարարության մեջ:

Խնդրով հետաքրքրվել է նաև Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը, որի ղեկավարած մարզի տարածքում է գտնվում Սևաբերդի ջրամբարը:

Մարզպետը հայտնում է, որ այսօր մարզպետարանի աշխատակիցները տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների հետ տեղազննություն կիականացնեն ջրամբարի տարածքում:

«Եկանք, տեսանք` ձկները սատկել են». ձկնաբուծարանի տիրոջը միայն մի բան է կասկածելի թվացել