ԵՐԵՎԱՆ, 27 մարտի – Sputnik. «Պոբեդա» ռուսական ընկերության մամուլի ծառայությունը հայտնում է, որ լոուքոսթերը դադարեցնում է ուղևորատար բոլոր փոխադրումները։
2020 թվականի ապրիլի 1-ից ավիաընկերությունը ժամանակավոր դադարեցնում է չվերթերը բոլոր ուղղություններով։
Այս քայլը պայմանավորված է ՌԴ կառավարության ընդունած որոշմամբ ու կտևի մինչ մայիսի 31-ը։
«Պոբեդայի» գլխավոր տնօրեն Անդրեյ Կալմիկովի խոսքով՝ հիմա ամենակարևորը քաղաքացիների առողջությունն է։ «Այդ պատճառով դադարեցնում ենք չվերթերն ու կոչ ենք անում բոլորին հնարավորինս տանը մնալ», - նշել է Կալմիկովը։
«Պոբեդան» անձնական հաշվով կվերադարձնի բոլոր այն ուղևորների գումարները, որոնց չվերթերը պետք է կայանային 2020 թվականի ապրիլի 1 –ից մայիսի 31-ն ընկած ժամանակահատվածում։ Հաճախորդները կարող են մեկ տարվա մեջ ծախսել այդ գումարը «Պոբեդայի» չվերթերի համար, որոնք կվերականգնվեն սահմանափակումները հանելուց հետո։
Հիշեցնենք՝ կորոնավիրուսի տարածման հետ կապված աշխարհի շատ երկրներ ու տրանսպորտային ընկերություններ սահմանափակում են ավիահաղորդակցությունը։
«Արմենիան» կասեցված չվերթերի գումարի դիմաց վաուչերներ է առաջարկում
«Պոբեդան» (ներառված է «Աերոֆլոտ» խմբում) մարտի 19-ից դադարեցրել է չվերթ իրականացնել Գյումրի, քանի որ ՀՀ կառավարությունը կորոնավիրուսի տարածումը կանխելու համար օտարերկրյա քաղաքացիների՝ երկիր մուտք գործելու սահմանափակումներ է սահմանել։