Փաշինյանը Գախարիայի հետ քննարկել է Վրաստանի տարածքով հայկական բեռների փոխադրման հարցը

Հայաստանի ու Վրաստանի վարչապետները խոսել են կորոնավիրուսի մասին և քննարկել բեռնափոխադրումների թեման։ Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ավելի վաղ կարծիք էր հայտնել, որ բեռնափոխադրումների արգելքները, կարող են էլ ավելի խորացնել կորոնավիրուսի հետևանքներով առաջացած ճգնաժամը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 մարտի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի իր պաշտոնակից Գեորգի Գախարիայի հետ: Տեղեկությունը հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը։

Երկու երկրների վարչապետները տեղեկություններ են փոխանակել իրենց երկրներում COVID-19 համաճարակի հետ կապված իրավիճակի վերաբերյալ: Քննարկվել են նաև Վրաստանի տարածքով հայկական ապրանքների տարանցիկ փոխադրմանն առնչվող հարցեր:

Նշվում է, որ հատուկ միջոցներ են ձեռնարկվում Լարսի մաքսակետով անխափան բեռնափոխադրումներ ապահովելու ուղղությամբ: Փաշինյանն ու Գախարիան կշարունակեն կանոնավոր շփումները` հետագա խնդիրներին արագորեն արձագանքելու համար:

Ժամանակավորապես արգելվում է բոլոր անձանց մուտքը Արցախ

Հիշեցնենք՝ մարտի 25-ին ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանն ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ հայտնել էր, որ Փաշինյանն ու Գախարիան հեռախոսազրույց կունենան սահմանային անցակետերում կուտակված բեռների հարցը քննարկելու համար:

Ավինյանը հայտնել էր, որ բեռնափոխադրումների հետ կապված խնդիր, կուտակումներ կան թե՛ Հայաստան–Վրաստան սահմանին, թե՛ Վրաստանի ներսում, թե՛ Լարսի անցակետում։ Բագրատաշենում հիմնականում խնդիրը կապված է Մառնեուլի շրջանի կարանտինի հետ։

Ավինյանը կարևորել էր հստակ կարգավորումների ու խաղի կանոնների սահմանումը բեռնափոխադրումների համար, քանի որ, նրա խոսքով, բեռնափոխադրումների արգելքները, կարող են էլ ավելի խորացնել կորոնավիրուսի հետևանքով առաջացած ճգնաժամը։

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն այսօր ավելացել է ևս 39-ով և դարձել 329։ Բուժվածները 18-ն են, փաստացի բուժվողները՝ 311-ը, մեկ մարդ մահացել է։