Կարո՞ղ եմ շուկա գնալ, կամ վզներիս խփեց կորոնավիրուսը. մարդիկ անկեղծացան Փաշինյանի հետ

Նիկոլ Փաշինյանը լսեց Մոսկվայից թոշակ ստացող կնոջը, ընտանիքում միակ աշխատող գյումրեցի թոշակառուին ու 4 մլն դրամ վարկ ունեցող տղամարդուն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 մարտի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook սոցիալական ցանցի իր էջով ուղիղ եթերով զանգահարեց մի քանի քաղաքացիների` իմանալու, թե ինչպես են իրենց զգում, ոնց են դիմանում արտակարգ դրությանը։
Թոշակառու մի կին, պատասխանելով զանգին, ասաց, թե ուզում է շուկա գնալ, բայց վախենում է։ «Կարո՞ղ եմ գնալ»,–հարցրեց կինը Փաշինյանին։

«Մալադեց, Նիկոլ ջան». թոշակառու կինն ուրախացավ Փաշինյանի զանգից

Ի պատասխան վարչապետն ասաց, որ պետք է ձևաթուղթ լրացնեն ու գնան, որևէ խնդիր չկա։ Փաշինյանը հետաքրքրվեց, թե ինչպե՞ս են ապրում, սոցիալական խնդիր ունե՞ն։ Կինն ասաց, որ ինքն էլ, ամուսինն էլ թոշակառու են, Մոսկվայից թոշակ են ստանում։

«Սոցիալական խնդիր չունենք։ Միակ խնդիրն այն է, որ թոռնիկս Մոսկվայից է ու այս պահին մեզ մոտ է։ Երեխան ուզում է գնալ Մոսկվա, բայց վախենում եմ` գուցե 15 օր պահեն»,–ասաց կինը։

Նա վստահեցրեց նաև, որ հարևաններով չեն շփվում այս ընթացքում։ Փաշինյանն էլ հավելեց, որ բարևի ընտանիքի անդամներին։

Արսեն Թորոսյանն այցելել է Ծաղկաձորում մեկուսացված քաղաքացիներին ու տուն չգնացող բժիշկներին

Վարչապետը կապ հաստատեց նաև Գյումրիում բնակվողներից մեկի հետ, հեռախոսին պատասխանեց թոշակառու մի կին։ Կինն ասաց, որ 5 հոգանոց ընտանիքում միայն ինքն է աշխատում, պոլիտեխնիկ ինստիտուտում պահակություն է անում։
«Ամբողջ օրը տանն ենք, երեկոյան գնում եմ աշխատանքի։ Ինչըղ կեղնի՞ օր։ Ապրում ենք, էլի, ես եմ աշխատում ու թոշակ ստանում, տղաս առաջին կարգի հաշմանդամ է, և երկու անչափահաս թոռնիկ ունեմ»,–ասաց կինը։

Նոր Նորքի բնակիչներից մեկն էլ ասաց, որ տանը երեք հոգով են ապրում` ինքը, կինն ու երկրորդ կարգի հաշմանդամ զոքանչը։ Տղամարդն ասաց, որ այս պահին 4 միլիոնի վարկ ունեն, որը մի կերպ են փակում։ Տղամարդն ասաց, որ ջեռուցման համակարգերի տեղադրմամբ է զբաղվում, և արդեն երկու ամիս է` հարկադիր արձակուրդի են ուղարկել։

«Վզներիս խփեց կորոնավիրուսը, պարոն Փաշինյան»,–ասաց տղամարդը` հավելելով, թե ուրախ է հեղաշրջման համար։ Վարչապետն էլ շտկեց` հեղափոխություն էր, ոչ թե հեղաշրջում։

Ավարտելով զրույցը քաղաքացիների հետ` Փաշինյանը հայտնեց, որ շարունակելու է շփվել քաղաքացիների հետ, սակայն ուղիղ եթեր կմտնի, թե ոչ, դեռ չգիտի։

Հիշեցնենք՝ Հայաստանում մարտի 16-ից ապրիլի 14-ն արտակարգ դրություն է հայտարարվել: Մարտի 25–ից մեկ շաբաթով արգելվել է ՀՀ քաղաքացիների ազատ տեղաշարժը, և նրանք տնից պետք է դուրս գան միայն խիստ անհրաժեշտության դեպքերում։ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն այսօր ժամը 10։00-ի դրությամբ հասել է 329–ի, առողջացել է 18 քաղաքացի, մահացել է մեկը։ 

Պարետն ավելի է խստացնելու տեղաշարժի մասին որոշումը