«Իտալիայից վերադարձածները վաղը կթեստավորվեն». Թորոսյանն այցելել է նրանց

Իտալիայից վերադարձած հայերը կա՛մ տուն կգնան, կա՛մ կշարունակեն մնալ հսկողության տակ` կախված կորոնավիրուսի ախտորոշման թեստի պատասխանից։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 մարտի – Sputnik. Իտալիայից վերադարձած և Դիլիջանի Մոնթե Մելքոնյանի անվան վարժարանում ինքնամեկուսացած հայերը վաղը կորոնավիրուսի ախտորոշման թեստ կհանձնեն։ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր այցելել էր Ծաղկաձորում, Աղավնաձորում մեկուսացվածներին, զրուցել նրանց հետ։

«Այսօրվա վերջին կետը Դիլիջանից մի փոքր հեռավորության վրա գտնվող Մոնթե Մելքոնյանի անվան վարժարանն էր, որտեղ արդեն 12 օր է` ապրում են Իտալիայից վերադարձած մեր հայրենակիցները։ Նրանցից բոլորը վաղը կթեստավորվեն և, ըստ դրա արդյունքների, կա՛մ տուն կգնան, կա՛մ կշարունակեն մնալ հսկողության տակ»,– Facebook սոցցանցի իր էջում գրել է նախարարը։

Նրա խոսքով` ամեն դեպքում բոլորը իրենց լավ էին զգում և բարձր տրամադրություն ունեին։

Հիշեցնենք` Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 329–ի։ Երկրում մարտի 16-ից ապրիլի 14-ն արտակարգ դրություն է հայտարարվել: Մարտի 25–ից մեկ շաբաթով արգելվել է ՀՀ քաղաքացիների ազատ տեղաշարժը, և նրանք տնից պետք է դուրս գան միայն խիստ անհրաժեշտության դեպքերում։

Որ մարզում կորոնավիրուսով վարակման քանի դեպք է գրանցվել. քարտեզը պատրաստ է