Հայաստանում 2 ամսական երեխայի ու նրա մոր մոտ կորոնավիրուս է հաստատվել. Թորոսյան

Կորոնավիրուսով վարակված երեխան ու մայրիկն այս պահին իրենց լավ են զգում, գտնվում են բժիշկների հսկողության տակ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 մարտի – Sputnik. ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Facebook-ի ուղիղ եթերում հայտնեց, որ 2 ամսական երեխայի ու նրա մայրիկի մոտ հաստատվել է կորոնավիրուսը։

«Հաստատում եմ, որ նման դեպք կա։ Երեխան ընդհանրապես սիմպտոմներ չունի, մայրիկն է երկու օր ջերմել, այս պահին նա էլ սիմպտոմներ չունի։ Երկուսն էլ գտնվում են հիվանդանոցում, ամեն ինչ արվում է նրանց հարմարավետությունը հնարավորինս ապահովելու և առողջությունը վերականգնելու համար, թեպետ որպես այդպիսին, վերականգելու կարիք չկա։ Հուսով եմ՝ նրանք էլ ժամանակը լրանալուն պես բացասական թեստով դուրս կգրվեն հիվանդանոցից»,– ասաց նա։

Նախարարը հայտնեց նաև, որ այսօր 40 քաղաքացի դուրս կգան մեկասուցումից ու կվերադառնան տուն։ Նրա խոսքով` այս պահին փաստացի բուժվողների թիվը 300 է։

Հիշեցնենք` Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն այսօր ժամը 10։00-ի դրությամբ հասել է 329–ի, առողջացել է 18 քաղաքացի, մահացել է մեկը։ 

Երեկ` կառավարության մամուլի կենտրոնում կայացած ասուլիսի ժամանակ լրագրողները Թորոսյանին հարցրել էին`ճի՞շտ են լուրերը, որ 2 ամսական մի երեխա է վարակվել կորոնավիրուսով, Թորոսյանը պատասխանել էր, որ չկա նման դեպք։