ԵՐԵՎԱՆ, 27 մարտի – Sputnik. ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ուղիղ եթեր դուրս եկավ Ծաղկաձորից՝ ներկայացնելով Կոտայքի մարզի 6 հանգստյան տների տարածքում բնակվող մեկուսացված քաղաքացիների կեցության պայմաններն ու նրանց խնամող բժիշկներին ու կամավորներին:
Հայաստանում 2 ամսական երեխայի ու նրա մոր մոտ կորոնավիրուս է հաստատվել. Թորոսյան
Թորոսյանը հայտնեց, որ Ծաղկաձորում ու Կոտայքի մարզի այլ հյուրանոցների տարածքում ներկա պահին գործող մեկուսացման բոլոր 6 կետերի աշխատանքը համակարգում է Սևանի հոգեկան առողջության կենտրոնի տնօրեն Դավիթ Կարապետյանը:
«Նա փաստացի արդեն 27 օր է, որ գրեթե ապրում է Ծաղկաձորում: Չնայած առավոտյան, կարծեմ, գնում է Սևանի հոգեկան առողջության կենտրոն, որպեսզի այնտեղ էլ աշխատանքները հարթ ընթանան և նորից վերադառնում է Ծաղկաձոր»,- ասաց նախարարը:
Մեկուսացման առաջին կետը, որը ներկայացրեց նախարարը, Ծաղկաձորի «Նաիրի» հանգստյան տունն էր: Այստեղ աշխատող կամավորներից մեկը՝ Նարեկը, հայտնեց, որ «Նաիրի» հանգստյանը տունը թեև ընդամենը 2 օր առաջ է ընդունել առաջին բնակիչներին, բայց այսօր բոլոր սենյակներն արդեն զբաղված են:
«Բոլորի ինքնազգացողությունը շատ լավ է: 24 ժամ հսկողության տակ են գտնվում թե՛ մասնագետ բժիշկների, թե՛ կամավորների կողմից»,-ասաց կամավորը:
Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեծանում է. ունենք 329 դեպք
Նա նաև հայտնեց, որ մեկուսացվածներին տրամադրվում է օրական երեքանգամյա սնունդ, որը պատրաստվում է ինչպես տեղում, այնպես էլ ուղարկվում է բարեգործների կողմից:
Ավարտելով ուղիղ կապը, Արսեն Թորոսյանը հայտնեց, որ պատրաստվում է ներս մտնել ու հանդիպել մեկուսացված անձանց հետ, իսկ իրեն հետևող քաղաքացիներին խոստացավ ուղիղ կապով օրվա ընթացքում ներկայացնել նաև մնացած 5 կետերի վիճակը:
Հիշեցնենք՝ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը այսօր ժամը 10։00-ի դրությամբ ավելացել է ևս 39-ով և դարձել 329։ Բուժվածները 18-ն են, փաստացի բուժվողները՝ 311-ը, 1625 թեստի պատասխանները բացասական են եղել: Ունենք մահվան 1 դեպք: