Առաջնագծի զորամասերում վարակի դեպք չկա. ՊՆ խոսնակն այցելել է մեկուսացված զինվորներին

Մեկուսացված տղաները գոհ են թե՛ պահման պայմաններից, թե՛ սննդից: Նշեցին, որ գիրք են կարդում, հեռուստացույց նայում:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 մարտի – Sputnik. ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը ՀՀ ԳՇ ներկայացուցչի հետ այցելել է կորոնավիրուսի վարակի պատճառով մեկուսացված զինծառայողներին:

ԳՇ ներկայացուցիչը հայտնեց, որ տվյալ տարածքում, որի մասին այլ տեղեկություններ չեն հաղորդվում, պահվում են բոլոր այն զինծառայողները, որոնք շփում են ունեցել վարակակիր զինծառայողների հետ:

«Բոլոր կոնտակտավորները մեկուսացվել են այս տարածքում»,- ասաց նա՝ ՊՆ խոսնակին ուղեկցելով մեկուսացված զինծառայողների սենյակներ:

Տղաները հայտնեցին, որ գոհ են թե՛ պահման պայմաններից, թե՛ սննդից: Նշեցին, որ գիրք են կարդում, հեռուստացույց նայում: Նրանցից ոչ ոք ինքնազգացողությունից չդժգոհեց:

Այցելության ավարտին ՀՀ ՊՆ խոսնակը հայտնեց, որ բոլոր մեկուսացվածները մարտական առաջադրանքներում չներգրավված զորամասերից են, իսկ առաջնագծի զորամասներում վարակի գրանցված դեպք այս պահին չկա:

Հիշեցնենք` Զինված ուժերում կորոնավիրուսով վարակված 5 զինծառայող կա, որոնցից ոչ մեկը չունի թոքաբորբ, մեկի մոտ առկա է թույլ արտահայտված ջերմություն։ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 329–ի։

Հայաստանում 2 ամսական երեխայի ու նրա մոր մոտ կորոնավիրուս է հաստատվել. Թորոսյան