ԵՐԵՎԱՆ, 27 մարտի – Sputnik. ՀՀ ոստիկանությունը տեղեկացնում է, որ Բագրևանդ փողոցի ապակիների արտադրամասն անտեսել է պարետի որոշումն ու շարունակել իր գործունեությունը, ինչի համար էլ վարչական տույժի է ենթարկվել։
«Մարտի 26-ին ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները այցելել էին Բագրևանդ փողոցի ապակիների արտադրամաս և հանձնել աշխատանքը դադարեցնելու վերաբերյալ համապատասխան իրազեկումը: Սակայն մարտի 27-ին բաժինը տեղեկություններ էր ստացել, որ ընկերությունը շարունակում է գործունեությունը»,–նշված է հաղորդագրության մեջ։
Ոստիկաններն այցելել են նշված հասցե ու պարզել, որ արտադրամասի աշխատակիցներն իրոք աշխատում են:
Ընկերության տնօրենի նկատմամբ իրականացվել է վարչական վարույթ` վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182.3-րդ հոդվածի 2-րդ ենթակետի պահանջների համաձայն, այն է` արտակարգ դրության ժամանակ ֆինանսատնտեսական գործունեության առանձին տեսակների իրականացման սահմանափակումները խախտելը, որն առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչև երեքհարյուրապատիկի չափով։
Իրավիճակի լրջությունը դեռ չեն գիտակցում. ինչ խախտումներ է արձանագրել ոստիկանությունը
Հիշեցնենք, որ պարետ Տիգրան Ավինյանի որոշմամբ` արտակարգ դրության ժամանակ թույլատրվում է միայն պարենային խանութների, դեղատների և գյուղմթերքի շուկաների գործունեությունը։
Հայաստանում արտակարգ դրություն է հայտարարվել մարտի 16-ից և այն կտևի մինչև ապրիլի 14–ը։ Այսօրվա դրությամբ ՀՀ-ում կորոնավիրուսով վարակման 329 դեպք է գրանցվել։