ԵՐԵՎԱՆ, 26 մարտի– Sputnik. Այս պահին կորոնավիրուսով վարակվածների թիվը 290–ն է, որոնցից երկուսի վիճակը ծանր է։ Տեղեկությունը կառավարության նիստի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Երկու պացիենտի վիճակը գնահատվում է ծանր` նրանցից մեկն ԱՄՆ քաղաքացի է` ազգությամբ հայ չէ, մյուսը ՀՀ քաղաքացի է։ Երկուսն էլ 75 և ավելի տարիքի են»,–ասաց վարչապետը։
Նրա խոսքով` այս ընթացքում ունեցել ենք 18 առողջացած քաղաքացի, ևս 100 քաղաքացի մեկուսացման պրոցեսից դուրս են եկել։ Փաշինյանը հայտնեց, որ այսօր էլ սպասում են ապամեկուսացման և առողջացման դեպքերի։
Նա նշեց նաև, որ այսօրվա ընթացիկ խնդիրը հիվանդանոցային հզորությունները ճիշտ կառավարելն է, քանի որ հիվանդանոցներում կան պացիենտներ, որոնք բուժում չեն ստանում։
Վարչապետը տեղեկացրեց` առավոտյան ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի և պարետ Տիգրան Ավինյանի հետ քննարկում է տեղի ունեցել և որոշվել է, որ թեթև դեպքերը, որոնք մեծամասնություն են կազմում, կտեղափոխվեն հյուրանոցներ։
«Սա ձեռնտու կլինի նաև հյուրանոցներին, քանի որ դրանք հիմա դատարկ են։ Ինչ–որ գին կպայմանավորվենք ու կաշխատենք հյուրանոցների հետ։ Հյուրանոցների սենյակների հետ ոչ մի վատ բան չի կատարվի այդ պացիենտների` այնտեղ լինելու հետևանքով։ Բոլոր սենյակները պարբերաբար ախտահանվում են»,–ասաց Փաշինյանը։
Մնացե՛ք տանը հանուն մտերիմների. «Ռոսիա սեգոդնյան» ընդդեմ կորոնավիրուսի
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն էլ հայտնեց, որ 7 վայրերում, որտեղ պահում են մեկուսացվածներին, ախտահանում են ու սանիտարահիգիենիկ առումով վերահսկողությունը շատ խիստ է։
Փաշինյանը հավելեց նաև, որ կորոնավիրուսի հաղթահարումը Հայաստանում վատագույն սցենարով տեղի չի ունենում, ավելին, այն աշխարհում արձանագրված լավագույն սցենարներին շատ մոտ է։
Հիշեցնենք, որ մարտի 26–ի ժամը 10։00–ի տվյալներով Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը 290 է։ 18 մարդ բուժվել են, 2–ը գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում։