ԵՐԵՎԱՆ, 26 մարտի — Sputnik.Հայաստանում կորոնավիրուսով վարակված դպրոցահասակ երեխաներ կան, սակայն նրանց առողջական վիճակը լավ է, ախտանշաններ չկան: Կառավարության մամուլի կենտրոնում կայացած ասուլիսի ժամանակ տեղեկությունը հայտնեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։
«Կորոնավիրուսով վարակված երեխաների շրջանում կյանքին վտանգ սպառնացող կամ նույնիսկ միջին ծանրության վիճակ չկա։ Իսկ թե քանի երեխա է կորոնավիրուսով վարակված, այս պահին թիվ ասել չեմ կարող»,–ասաց նախարարը։
Հարցին, թե ճի՞շտ են լուրերը, որ 2 ամսական մի երեխա է վարակվել կորոնավիրուսով, Թորոսյանը պատասխանեց, որ չկա նման դեպք։
Քանի երեխա կարելի է տեղափոխել ավտոմեքենայով. պարետի նոր որոշումը
Բացի այդ, նախարարը հայտնեց նաև, որ երբ ասում են երեխաները ռիսկային գոտում չեն, նկատի ունեն առողջ երեխաներին։
Մարտի 15-ին հայտնի դարձավ, որ կորոնավիրուսով վարակված մեկ դպրոցահասակ երեխա կա: Նա Էջմիածնի թիվ 4 դպրոցի երրորդ դասարանում է սովորում։ Մասնակցել էր Էջմիածնի հայտնի նշանադրությանը, որտեղ էլ կար Իտալիայից վերադարձած վարակակիր մի կին։
Երեխայի մոտ կորոնավիրուս ախտորոշելուց հետո մեկուսացվել են նրա 30 դասընկերները և 5 ուսուցիչ։ Նրանք, ինչպես հայտնի է, մեկուսացված են Ծաղկաձորում գտնվող ԵՊՀ հանգստյան տանը։
Հիշեցնենք՝ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն այսօր ժամը 10։00-ի դրությամբ դարձել է 290, առողջացել է 18 քաղաքացի։ Փաստացի բուժման ընթացքում են գտնվում 272–ը։ 1440 մարդու թեստի պատասխանը բացասական է եղել, նրանք վարակված չեն։
Արցախում ժամանակավորապես դադարեցվում է պետական կառավարման մարմինների գործունեությունը