Ժամանակավորապես արգելվում է բոլոր անձանց մուտքը Արցախ

Ոստիկանությունը հայտնում է, որ մարդկանց թույլ կտան Արցախ այցելել միայն երեք դեպքում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 մարտի – Sputnik.Հայաստանի Հանրապետությունում հայտարարված արտակարգ դրությամբ պայմանավորված՝ կորոնավիրուսային համավարակի կանխարգելման ուղղությամբ իրականացվող աշխատանքների արդյունավետության ապահովման նպատակով՝ ՀՀ ճանապարհային ոստիկանության և տարածքային ստորաբաժանումների ուժերով Արցախի Հանրապետություն տանող ճանապարհներին (Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհ, Տեղ և Սյունիք գյուղերից դեպի Արցախ սահմանային հատված) անհապաղ նշանակվելու են կայուն պահակետեր՝ ժամանակավորապես արգելելով բոլոր անձանց մուտքն Արցախի Հանրապետություն: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ոստիկանության լրատվական վարչության պետ Աշոտ Ահարոնյանը

Բացառություն կարվի.

  • Արցախի Հանրապետությունում հաշվառում ունեցող անձանց,
  • բեռնափոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցների՝ այդ թվում բեռնատարների համար՝ անկախ բեռնվածությունից, իսկ մարդատար մեքենաներին՝ պարտադիր բեռնված լինելու պարագայում,
  • Արցախում կայանալիք ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնող անձանց և լրագրողների համար՝ համապատասխան փաստաթղթերի առկայության դեպքում։

Հիշեցնենք` Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն այսօր ժամը 10։00-ի դրությամբ հասել էր 290–ի, առողջացել է 18 քաղաքացի, մահացել է մեկը։ Երեկվանից մեկ շաբաթով արգելվել է ՀՀ քաղաքացիների ազատ տեղաշարժը, և նրանք տնից պետք է դուրս գան միայն խիստ անհրաժեշտության դեպքերում։

Մարտի 31-ին Արցախի Հանրապետությունում անցկացվելու են նախագահական ու խորհրդարանական ընտրություններ: