ԵՐԵՎԱՆ, 26 մարտի — Sputnik. ՀՀ ԶՈՒ ԳՇ զորքերի ծառայության վարչության պետ, գնդապետ Ա. Պետրոսյանի ղեկավարած խումբն անակնկալ ստուգայցեր է կատարել ՀՀ ՊՆ ռազմաուսումնական հաստատություններ, ուսումնական կենտրոններ, զորավարժարաններ, Երևանի կայազորային զինվորական հոսպիտալ և ՊՆ կենտրոնական պոլիկլինիկա: Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։
«Ստուգվել են շուրջօրյա վերակարգերի ծառայության կազմակերպումը, հսկիչ անցագրային կետերում խստացված անցագրային ռեժիմի պահպանումը, տարածքների սանիտարական վիճակը, ճաշարանների ու սննդի պահպանման հատվածների սանիտարական-հիգիենիկ պայմանները, սննդի որակն ու ապահովումը, անձնակազմի շրջանում նոր կորոնավիրուսային վարակի ներթափանցման կանխարգելման վերաբերյալ տրված ԶՈՒ ԳՇ պետի հանձնարարականների կատարման ընթացքը»,-ասված է հաղորդագրության մեջ:
Ստուգումների արդյունքում բացթողումներ չեն գրանցվել:
ՊՆ–ն հայտնում է նաև, որ 5-րդ զորամիավորման ենթակա զորամասերում իրականացվել են բուժկանխարգելիչ միջոցառումներ: Զինծառայողներն իրազեկվել են կորոնավիրուսային վարակից պաշտպանվելու միջոցների, կանխարգելման և հիգիենայի կանոնները խստագույնս պահպանելու վերաբերյալ:
«Զորամասերը և հարակից տարածքները ախտահանվել են հատուկ նյութերով, զորամասերի տարածքների մուտքերն ապահովվել են ստուգիչ և ջերմաչափիչ սարքերով»,-ասված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք` ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այսօր հայտնեց, որ երեք զինծառայողների մոտ կորոնավիրուս է ախտորոշվել։
Հիշեցնենք` Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն այսօր ժամը 10։00-ի դրությամբ հասել էր 290–ի, առողջացել է 18 քաղաքացի, մահացել է մեկը։ Երեկվանից մեկ շաբաթով արգելվել է ՀՀ քաղաքացիների ազատ տեղաշարժը, և նրանք տնից պետք է դուրս գան միայն խիստ անհրաժեշտության դեպքերում։