Հայ-իրանական սահմանին նոր մաքսատուն կկառուցեն

Մեղրիի մաքսակետում կկառուցվի նոր, ավելի բարձր անցանելիությամբ տերմինալ։ Մաքսատան հնարավորություններն անհրաժեշտ է ընդլայնել, որովհետև 2016թ-ի օգոստոսից Հայաստանի և Իրանի միջև գործում է առանց վիզայի ռեժիմ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 մարտ – Sputnik.Հայաստանը Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկից 10,6  միլիոն եվրոյի չափով վարկ կստանա՝ Մեղրիում նոր մաքսատան կառուցման համար։ Վարկային պայմանագրի նախագիծն այսօր՝ մարտի 26-ին հաստատվել է կառավարության նիստում։

Դավթյան. «Հայ-իրանական երկու նախագծերը քաղաքական հռետորաբանության մակարդակում են»

Մաքսատանը տեղադրված կլինեն ապրանքների լաբորատոր հետազոտության նոր սարքավորումներ, բեռների, այդ թվում՝ ուղևորների ձեռքի ուղեբեռի ստուգման, ինչպես նաև մարդկանց սքանավորման ռենտգեն սարքավորումներ։ 

Մաքսատան հնարավորությունները հարկավոր է մեծացնել նաև այն պատճառով, որ 2016թ-ի օգոստոսից Հայաստանի և Իրանի միջև գործում է առանց վիզայի ռեժիմ (այն ժամանակավոր դադարեցված է կորոնավիրուսի համավարակի պատճառով – խմբ․)։ Եթե 2017թ-ի հունիս-հուլիսին սահմանը հատել է մոտ 2000 բեռնատար, ապա 2019թ-ի նույն ամիսների ընթացքում՝ գրեթե 4 150․ ուղևորների թիվն ավելի քան երկու անգամ ավելացել է՝ 55 հազարից հասնելով 124 հազարի։ 

Թեև այս պահին սահմանը կորոնավիրուսի պատճառով փակ է ուղևորների համար, սակայն այն բացելուց հետո երկու բարեկամ երկրների միջև այցելություններն ու առևտուրը ամբողջ ծավալով կվերականգնվեն։

Իրան–Հայաստան բեռնափոխադրվող ապրանքների ցանկը նորից կընդլայնվի՞

Նոր, ավելի մեծ անցողունակությամբ տերմինալը կկարողանա միաժամանակ ավելի շատ մեքենաներ և ուղևորներ ընդունել։

Հիշեցնենք, որ եվրոպական բանկերից և Եվրոպական հանձնաժողովից ստացած վարկերով Հայաստանն արդեն կապիտալ վերանորոգում է իրականացրել վրացական սահմանի երեք՝ Սադախլոյի, Գոգավանի և Բավրայի մաքսակետերում։