ԵՐԵՎԱՆ, 25 մարտի – Sputnik. Արտակարգ դրության ավարտից հետո, երբ հնարավոր կլինի վերադառնալ կրթական բնականոն ռիթմին, լրացուցիչ դասաժամերի հարցի պատասխանը կտան ուսուցիչները։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն այսօր Facebook-ի ուղիղ եթերում նշեց, որ հավելյալ դասաժամերի հարցը շատերին է մտահոգում, և նախարարությունում որոշել են՝ լիարժեք վստահելու են ուսուցիչներին։
«Իրենք պետք է ասեն` արդյոք ամբողջությամբ տվյալ ժամանակահատվածի համար ծրագիրն անցել են, թե լրացուցիչ դասեր են պետք։ Մենք դա միասին կգնահատենք ուսուցիչների, ծնողների, տնօրենների հետ»,- նշեց նախարարը՝ հավելելով, որ եթե դրա կարիքը լինի, ապա լրացուցիչ դասեր կանցկացվեն, օրինակ, շաբաթ օրերին կամ հավելյալ դասաժամեր կարվեն շաբաթվա ընթացքում։ Նրա գնահատմամբ՝ եթե հավելյալ դասաժամեր լինեն էլ, ապա շատ քիչ։
«Եթե ուսուցիչը տնօրենին ասի, որ լիարժեք այս ժամանակահատվածն անցել են և ամփոփիչ գրավորով կամ նման մի բանով կստուգվի, թե արդյոք թեմաները յուրացվել են աշակերտի կողմից, նորից լիարժեք վստահելու ենք ձեզ, որովհետև առանց վստահելու հնարավոր չէ»,- ուսուցիչներին դիմելով՝ ասաց նախարարը։
Նախարարն ուրախությամբ փաստեց, որ ուսուցիչներն օգտագործում են հեռավար ուսուցման հասանելի տարբեր հարթակները, խոստացավ հընթացս նորերը ստեղծել։
Նա տեղեկացրեց, որ այս պահին հանրապետության շուրջ չորս հարյուր ուսուցիչների համար հեռավար մեթոդով վերապատրաստում է ընթանում, նախկինում հազարավոր ուսուցիչներ վերապատրաստվել են ու առցանց հարթակներից օգտվելու խնդիրներ չունեն։ Նախարարությունը նաև էլեկտրոնային մատյան է գործարկել։ Կարևոր է, որ ուսուցիչները լրացնեն գնահատականներն ու ծրագրային թեմաները. դա ևս կօգնի հետագայում հեռավար ուսուցման արդյունավետությունը գնահատելու համար։ Հանրապետության 36 հազար ուսուցիչներից 3000 -ն այն արդեն լրացնում է։
Ինչպես է Արմեն Սարգսյանն աշխատում արտակարգ դրության պայմաններում
Նախարարը նաև անդրադարձավ այն խնդրին, որ հիմնականում մարզային համայնքներում ոչ բոլոր աշակերտներն ու ուսուցիչներն ունեն համակարգիչներ, հետևաբար զրկված են նաև հեռավար կրթության հնարավորությունից։ Նրա խոսքով՝ կփորձեն շատ արագ լրացնել այդ բացը, օրինակ, դպրոցներում եղած համակարգիչները ժամանակավորապես նրանց տրամադրելով։ Միայն թե նախարարը վստահ չէ, որ խնդիրն ամբողջությամբ կլուծվի, բայց հնարավոր առավելագույնը կարվի։
Պատգամավորները նույնպես կնստեն տանը. ԱԺ կգնան միայն խիստ անհրաժեշտության դեպքում
Ուղիղ եթերի ընթացքում նախարարը պարբերաբար հազում էր. կատակելով ասաց, թե վախենալու կարիք չկա՝ հազը կորոնավիրուսի հետ կապ չունի, «դասախոսական հիվանդություն է»՝ ֆարինգիտ։
Վերջում նախարարը բոլոր ուսուցիչներին «հեռավար» գրկեց՝ ևս մեկ անգամ հիշեցնելով, որ հիմա գրկել ու համբուրել չի կարելի։
Ինչպես են հայուհիները հաղթահարում երեխաների «ավազակախմբի» ու ամուսնու հետ մեկուսացումը
Հիշեցնենք, որ կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով Հայաստանում մարտի 16-ից ապրիլի 14-ը արտակարգ դրություն է հայտարարվել: Փակվել են բոլոր մշակութային օջախներն ու ուսումնական հաստատությունները, վերջիններս անցել են հեռավար ուսուցման: