ԵՐԵՎԱՆ, 25 մարտի - Sputnik. COVID-19 թեստավորման համար նմուշառում է իրականացվել երեք զինծառայողներից։ ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը Facebook-ի իր էջում տեղեկացրել է, որ պայմանագրային զինծառայողներից մեկի ընտանիքի անդամի մոտ կորոնավիրուս է հաստատվել։
«Հաշվի առնելով, որ ՀՀ զինված ուժերում բացի ժամկետային զինծառայողներից ծառայություն է իրականացնում նաև քաղաքացիական բնակչության հետ անմիջական շփում ունեցող պայմանագրային կազմը (սպա, ենթասպա, շարքային-պայմանագրայիններ), մշտապես կատարվում են համաճարակաբանական հարցումներ, իրականացվում են բուժզննումներ»,-նշել է Ստեփանյանը:
Նա նաև տեղեկացրել է, որ COVID-19 -ի ախտորոշման համար թեստավորված զինծառայողները մարտական խնդիրներում չընդգրկված նույն զորամասից են։
«Նախապես մշակված պլանի համաձայն` անհրաժեշտ պայմաններում կազմակերպվել է սերտ կոնտակտավորների մեկուսացում, իսկ շփումների մյուս շրջանակը ինքնամեկուսացած է»,- հավելել է Ստեփանյանը։
Նրա խոսքով՝ ԶՈՒ ռազմաբժշկական հաստատությունները համալրված են անհրաժեշտ նյութական միջոցներով, իսկ բուժանձնակազմը պատրաստ է իրականացնելու հնարավոր հիվանդների համապատասխան բուժումը:
Հիշեցնենք՝ վերջին տվյալով` Հայաստանում կորոնավիրուսով վարակվելու 265 դեպք է արձանագրվել։ Վարակվածներից 18-ն առողջացել ու դուրս են գրվել հիվանդանոցից:
Կորոնավիրուսի ախտորոշման արագ թեստերը դեռ Հայաստան չեն հասել. նախարար