Կորոնավիրուսի ոչ մի դեպք չի արձանագրվել. Արցախի ՊՆ–ն հերքում է լուրերը

Թեպետ Արցախում մինչ այսօր կորոնավիրուսի վարակի ոչ մի դեպք չի արձանագրվել, բայց ՊԲ-ում ամեն օր իրականացվում են հակահամաճարակային համալիր միջոցառումներ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 մարտի – Sputnik. Պաշտպանության բանակում առայսօր կորոնավիրուսի վարակի ոչ մի դեպք արձանագրվել։ Արցախի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը պաշտոնական հաղորդագրություն է տարածել՝ հերքելով շրջանառվող այն լուրերը, թե բանակում նոր տիպի կորոնավիրուսով զինծառայողների վարակման դեպքեր են արձանագրվել:

«Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունն ամենայն պատասխանատվությամբ հայտարարում է, որ շրջանառվող լուրերն անհիմն են և որևէ աղերս չունեն իրականության հետ: Պաշտպանության բանակում առայսօր կորոնավիրուսով հիվանդության ախտանիշով դրական դեպք չի գրանցվել»,- նշված է հաղորդագրության մեջ:

Նախարարությունը նաև կոչ է արել զերծ մնալ երկրի պաշտպանական ոլորտի մասին սոցիալական տարբեր հարթակներում չճշտված տեղեկություններ տարածելուց և հետևել բացառապես պաշտոնական լրահոսին:

Հիշեցնենք, որ մարտի 24-ին Արցախի պաշտպանության նախարարությունը տեսանյութ էր հրապարակել` ներկայացնելով հակահամաճարակային միջոցառումները, որոնք իրականացվում են զորամասերում, տարբեր ստորաբաժանումներում։ Ամենօրյա ռեժիմով քլորակրի և պրեսեպտի լուծույթներով կատարվում են սոցիալ-կենցաղային օբյեկտների, ռազմական ու ավտոմոբիլային տեխնիկայի ախտահանիչ գործողություններ։

Պայմանագրային զինծառայողի ընտանիքի անդամներից մեկի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել