«Վարկս Էյ ԷՄ»–ը խախտել է վարկային կազմակերպությունների համար սահմանված հիմնական տնտեսական նորմատիվները, և ինչպես Sputnik Արմենիային հայտնեց Ինգա Ղալայանը, լիցենզիայից զրկված ընկերությունը հիմա ունի տոկոսային վճարումներ, որոնք պետք է կատարվեն։ Խոսքը գործարքների մայր գումարի մարման մասին է։
«Ստեղծվելու է լուծարման հանձնաժողով, որը կորոշի, թե երբ և ինչպես կվերադարձվեն գումարները։ Հնարավոր է, որ որոշ դեպքերի առթիվ վերանայվեն պայմանները, ինչը նույնպես կորոշի լուծարման հանձնաժողովը»,– նշեց տնտեսագետը։
Ղալայանի խոսքով` սովորաբար նման դեպքերում կա՛մ այլ վարկային կազմակերպությանն է տրամադրվում այդ պարտականությունների կատարումը, կա՛մ էլ բանկերն են զբաղվում դրանով։
«Կարևոր է այն, որ վարկառուներն ավելի շուտ պետք է մարեն իրենց վարկի գումարը, քանի որ «Վարկս Էյ ԷՄ»–ն արդեն լուծարվել է և չի կարող նման գործունեություն իրականացնել։ Իսկ եթե վարկառուները հրաժարվեն պարտավորություններից, ապա այդ պարագայում կվատթարանա նրանց վարկային պատմությունը։ Վարկ վերցնելու համար մենք ունենք մեկ միասնական համակարգ, ու եթե նրանք կրկին փորձեն վարկ վերցնել, հնարավոր է, որ այլ վարկային կազմակերպությունները կամ բանկերը նրանց դիտարկեն որպես ռիսկային և այլևս վարկ չտրամադրեն, որովհետև բոլորի տվյալները մուտքագրվում է միասնական համակարգի մեջ»,– նշեց տնտեսագետը։
Ղալայանի դիտարկմամբ` «Վարկս Էյ ԷՄ»–ը խախտել է ընդհանուր կապիտալի նվազագույն շեմը պահպանելու նորմը, ինչը պարտավոր է անել յուրաքանչյուր վարկային կազմակերպություն, որովհետև նորմը սահմանված է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից, հետևաբար խախտման դեպքում ԿԲ–ն կարող է զրկել լիցենզիայից։
«Յուրաքանչյուր եռամսյակը մեկ ԿԲ–ին հաշվետվություն է ներկայացվում վարկային կազմակերպությունների և բանկերի կողմից, ինչի հիման վրա ստացվում է, թե արդյոք պահպանվում է այդ նորմատիվը, թե ոչ։ Դիցուք, եթե նվազագույն շեմը 300 մլն դրամ է, ապա այդքան գումար «Վարկս Էյ ԷՄ»–ը, որպես ընդհանուր նվազագույն կապիտալ, չի ունեցել, ինչը ռիսկային է համարվում ֆինանսական շուկայի տեսանկյունից, ու քանի որ վարկային կազմակերպություն էր, հետևաբար իրավունք չուներ ավանդներ ձևակերպելու գործարքներ կնքել»,– ասաց տնտեսագետը։
Ինչպես է պետությունն ուզում աջակցել տնտեսվարողներին. Փաշինյանը նախագիծ է ներկայացրել
Ղալայանի տեղեկացմամբ` ընդհանուր կապիտալի նվազագույն շեմը պահպանելու նորմը նրա համար է, որպեսզի ճգնաժամային իրավիճակներում, երբ տեղի են ունենում տնտեսական ցնցումներ, կազմակերպությունը կարողանա իր պարտավորությունները կատարել։
Հայաստանի կենտրոնական բանկն այսօր հայտարարեց, որ ուժը կորցրած է ճանաչվել «Վարկս Էյ ԷՄ» ՈՒՎԿ ՓԲԸ վարկային կազմակերպության լիցենզիան`ընդհանուր կապիտալի նվազագույն չափի պահանջը խախտելու համար։ «Վարկս ԷՅ ԷՄ» ՈՒՎԿ ՓԲԸ կողմից 2019թ. դեկտեմբեր, 2020թ. հունվար ամիսներին ՀՀ կենտրոնական բանկ ներկայացված ֆինանսական հաշվետվություններում ընդհանուր կապիտալի ցուցանիշի մասով արտացոլվել են անարժանահավատ տվյալներ։
Գներն իջե՞լ են, թե՞ բարձրացել. ՏՄՊՊՀ նախագահը խոսել է սննդամթերքի շուկայի մասին