Աշակերտների միայն 80 տոկոսն է կարողանում մասնակցել հեռավար դասերին. նախարար

ԿԳՄՍ նախարարի հավաստմամբ՝ մի շարք կազմակերպություններ պատրաստակամություն են հայտնել աշակերտներին համակարգիչներ նվիրել, կապի օպերատորներն էլ աշխատում են նրանց ինտերնետով ապահովելու ուղղությամբ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 մարտի –Sputnik.Հայաստանի աշակերտների միայն 80 տոկոսն է ներգրավված հեռավար ուսուցման դասապրոցեսում: Այսօր ԱԺ-ում պատասխանելով պատգամավորների հարցերին՝ ոչ այնքան հուսադրող վիճակագրությունը ներկայացրեց ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը՝ ներկայացնելով մարզերից ու մայրաքաղաքից ստացված տեղեկությունները:

«Աշակերտների մի որոշ տոկոսի մոտ բացակայում են սարքերը կամ ինտերնետ հասանելիության խնդիր կա: Մենք դոնորների հետ վաղը հանդիպում ունենք՝ սարքերի հետ կապված: Բացի այդ, շատ կազմակերպություններ դիմել են մեզ, որ կարող են համակարգիչներ տրամադրել»,- ասաց նախարարը:

Համացանցի հասանելիության վերաբերյալ կապի օպերատորների հետ համատեղ աշխատանք է տարվում խնդրահարույց տարածքներում ծածկույթն ապահովելու ուղղությամբ:

Ուսուցիչները կորոշեն` հեռավար դասերից հետո լրացուցիչ դասաժամերի կանցնեն, թե ոչ. նախարար

ԱԺ-ն իր համակարգիչները փոխանցում է հեռավար կրթությունից դուրս մնացած երեխաներին

Արայիկ Հարությունյանը նաև հայտնեց, որ կապի օպերատորների հետ պայմանավորվածություն են ձեռք բերել նաև հեռավար ուսուցում ապահովող կայքերի ինտերնետ թրաֆիկի համար անապահով խավից գումար չգանձելու վերաբերյալ:

Թե որքանով են հեռավար դասերը փոխարինում ստացիոնար ուսուցմանը, Հարությունյանի խոսքով, կվերուծվի երկշաբաթյա արդյունքների հիման վրա:

Նախարարը, սակայն, չբացառեց, որ կորոնավիրուսի հաղթահարումից հետո ուսումնական տարին երկարացնելու կարիք կլինի:

Հիշեցնենք, որ կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով Հայաստանում մարտի 16-ից ապրիլի 14-ը արտակարգ դրություն է հայտարարվել: Փակվել են բոլոր մշակութային օջախներն ու ուսումնական հաստատությունները, վերջիններս անցել են հեռավար ուսուցման:

«Ընկեր Մարտիրոսյան, «չոռնիից» հանեք, դասը սովորել եմ»․ ԿԳՄՍ նախարարի գրառման արձագանքները