Առողջացած քաղաքացիների թիվը դարձավ 18. Արսեն Թորոսյանը նոր տվյալներ հայտնեց

Նախարարը խոստանում է կորոնավիրուսով վարակվածների առողջական վիճակի վերաբերյալ մանրամասն տեղեկություններ հաղորդել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 մարտի – Sputnik. Կորոնավիրուսից առողջացած քաղաքացիների թիվն ավելացավ ևս երկուսով։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

«Եվս երկու առողջացած՝ կրկնակի բացասական թեստով։ Առողջացածների թիվը դարձավ՝ 18»,– Facebook սոցցանցի իր էջում գրել է նախարարը։

Նա խոստացել է այսօր կրկին թարմ տեղեկություններ հայտնել պացիենտների առողջության վերաբերյալ։

Նշենք, որ Հայաստանում կորոնավիրուսով վարակվելու 265 դեպք է գրանցվել։ 

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ Facebook–ի ուղիղ եթերում հայտնել էր, որ 868 մեկուսացած քաղաքացի կա, ևս 2419-ի համար սահմանվել է ինքնամեկուսացում տներում:

Հիշեցնենք` կորոնավիրուսի առաջին դեպքի մասին հայտնի դարձավ մարտի 1-ի վաղ առավոտյան. վարակվածը 29-ամյա տղամարդ էր, որն Իրանից Հայաստան էր ժամանել փետրվարի 28-ին: Նա արդեն դուրս է գրվել հիվանդանոցից։ Մարտի 11-ին ՀՀ–ում կորոնավիրուսի երեք նոր դեպք հայտնաբերվեց։

Ինչ կլինի, եթե հիվանդանոցներն այլևս տեղ չունենան հիվանդների համար. Թորոսյանի «պլան բ»-ն

Հայաստանում մարտի 16–ից ապրիլի 14-ը արտակարգ դրություն է հայտարարվել, իսկ մարտի 25-ից խստացվել են արտակարգ դրության սահմանափակումները․ մեկ շաբաթ ՀՀ քաղաքացիները տնից դուրս գալու համար պետք է հիմնավոր պատճառ ունենան և ներկայացնեն անձնագիր ու պարետատան սահմանած ձևաթուղթ՝ ձեռագիր կամ տպագիր լրացրած։ Սահմանափակումները խախտողները կենթարկվեն վարչական, իսկ տնից դուրս գալու հետևանքով մեկ ուրիշին վարակելու դեպքում՝ քրեական պատասխանատվության։

Հնարավոր են նոր խստացումներ․ Ավինյան