Մնացականյանը շնորհավորել է իրանցի գործընկերոջը և քննարկել կորոնավիրուսի հետ կապված հարցեր

 ՀՀ արտաքին գործերի նախարարն իրանցի գործընկերոջ հետ քննարկել է նաև կորոնավիրուսի կանխարգելման ուղղությամբ հարևան պետությունների միջև գործողությունների համակարգմանն ուղղված հարցեր:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 մարտի – Sputnik. Այսօր ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի արտաքին գործերի նախարար Ջավադ Զարիֆի հետ և շնորհավորել վերջինիս  Նովրուզի առթիվ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։

Կորոնավիրուսը Հայաստանին արդեն միլիոնների վնաս է տվել. Նովրուզը գալիս է, իրանցիները` ոչ

Մնացականյանը իրանցի գործընկերոջը փոխանցել է հայ ժողովրդի համերաշխությունը և զորակցությունը բարեկամ Իրանի ժողովրդին նոր տիպի կորոնավիրուսի դեմ մղվող պայքարում: 

«Ներկայացնելով նոր տիպի կորոնավիրուսի հետագա տարածման կանխարգելման ուղղությամբ ՀՀ կառավարության կողմից գործադրվող ջանքերը` նախարար Մնացականյանը կարևորել է համավարակի դեմ պայքարում միջազգային համագործակցությունը, հատկապես հարևան պետությունների միջև գործողությունների համակարգումը: Այդ համատեքստում երկուստեք գոհունակությամբ ընդգծվել է կորոնավիրուսի դեմ պայքարում Հայաստանի և Իրանի տարբեր գերատեսչությունների միջև առկա սերտ փոխգործակցությունը և համավարակի դեմ պայքարում փորձի շարունակական փոխանակումը»,- նշված է ԱԳն տարածած հաղորդագրության մեջ: 

Հայաստանի ԱԳ նախարարը կարևորել է նաև հակամարտող գոտիներում հրադադարի պահպանման և պատժամիջոցների ռեժիմների վերանայման վերաբերյալ ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի կոչերը՝ ընդգծելով, որ համավարակի դեմ պայքարը պետք է դառնա հնարավորություն ժողովուրդների հաշտեցման և գլոբալ համերաշխության համար:

Հայաստանի ու Իրանի միջև ապրանքների փոխադրման ցանկն ընդլայնվել է

Նախարարներն ընդգծել են երկկողմ պատրաստակամությունը քայլեր ձեռնարկելու երկկողմ օրակարգի դինամիկայի պահպանման, առկա պայմաններում առևտրաշրջանառության խթանման, ինչպես նաև երկու երկրների քաղաքացիների՝ հայրենիք վերադարձի ապահովմամբ պայմանավորված հարցերի հասցեագրման ուղղությամբ:

Տոն` ոչ բոլորի համար. որ երկրները չեն մասնակցում ամանորյա խրախճանքին և ինչու

Նշենք, որ պաշտոնական վիճակագրության համաձայն` 2017 թվականի առաջին եռամսյակում, Նովրուզը տոնելու համար Իրանից Հայաստան էր ժամանել է 45 000 իրանցի, 2018-ի նույն ժամանակահատվածում՝ 48 000, 2019–ին` 27 000:

2019 թվականին ամբողջ տարվա ընթացքում Հայաստան է այցելել 1 894 377 զբոսաշրջիկ: