Կենտրոնական բանկի որոշմամբ ուժը կորցրած է ճանաչվել «Վարկս Էյ ԷՄ»–ի լիցենզիան

«Վարկս Էյ ԷՄ»–ը խախտել է վարկային կազմակերպությունների համար սահմանված հիմնական տնտեսական նորմատիվները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 մարտի - Sputnik. ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 2020 թվականի մարտի 24–ի թիվ 13 ԾՕՀ Ա որոշմամբ ուժը կորցրած է ճանաչել «Վարկս Էյ ԷՄ» ՈՒՎԿ ՓԲԸ վարկային կազմակերպության լիցենզիան`ընդհանուր կապիտալի նվազագույն չափի պահանջը խախտելու համար:

Varks.am–ի «ձախորդ օրերը», կամ ե՞րբ մարդիկ կդադարեն նեղսրտել վարկերի ստրկական պայմաններից

«ՀՀ կենտրոնական բանկի կողմից իրականացվող վերահսկողության ընթացքում պարզվել է, որ «Վարկս ԷՅ ԷՄ» ՈՒՎԿ ՓԲԸ կողմից 2019թ. դեկտեմբեր, 2020թ. հունվար ամիսներին ՀՀ կենտրոնական բանկ ներկայացված ֆինանսական հաշվետվություններում ընդհանուր կապիտալի ցուցանիշի մասով արտացոլվել են անարժանահավատ տվյալներ»,–նշված է ՀՀ կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայության հաղորդագրության մեջ։

Ադամի մեղքը. varks.am-ի կողոպուտների շարքն ավարտվե՞ց

Պարզելու նպատակով ՀՀ ԿԲ վերահսկողության ստորաբաժանման կողմից լրացուցիչ՝ տեղեկատվություն է պահանջվել հաշվետվություններում առկա ֆինանսական ցուցանիշների վերաբերյալ: Ուսումնասիրելով ներակայացված տեղեկությունները, գնահատելով կազմակերպության ռիսկերը` պարզվել է, որ «Վարկս ԷՅ ԷՄ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի կողմից խախտվել է ընդհանուր կապիտալի նվազագույն չափի պահանջը։ Սա հանգեցրել է «Վարկային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի «բ» և «ե» պարբերությունների խախտմանը։ Այսինքն` խախտվել են վարկային կազմակերպությունների համար սահմանված հիմնական տնտեսական նորմատիվները և սույն օրենքի, վարկային կազմակերպության գործունեությունը կարգավորող այլ իրավական ակտերի պահանջները:

Մի քանի ժամվա ընթացքում փորձել են թալանել Varks.am-ի երևանյան գրասենյակները

Հաշվի առնելով վերոնշյալը, փետրվարի 25-ին կազմված արձանագրությամբ «Վարկս ԷՅ ԷՄ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի նկատմամբ սկսվել է պատժամիջոցի կիրառման վարչական վարույթ: Վարույթի շրջանակում 18.03.2020թ. և 20.03.2020թ. ՀՀ կենտրոնական բանկի կողմից կազմակերպվել են լսումներ, որոնց ներկա է գտնվել վարկային կազմակերպության ներկայացուցիչը և տվել պարզաբանումներ, որոնք ՀՀ ԿԲ խորհրդի կողմից բավարար չեն գնահատվել:

Վարկային կազմակերպության լիցենզիան ուժը կորցրած ճանաչելուց հետո օրենքով սահմանված կարգով ձևավորվելու է լուծարային հանձնաժողով՝ սահմանված գործառույթներն իրականացնելու նպատակով: