ԵՐԵՎԱՆ, 25 մարտի- Sputnik. Հայաստանում հաշվառված 2419 մեկուսացված ու ինքնամեկուսացած անձանցից ոչ մեկը վերջին 24 ժամերի ընթացքում չի խախտել մեկուսացման ռեժիմը: Տեղեկությունն այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Հայկ Մհրյանը:
«Երեկվա դրությամբ մենք ոչ մի արձագանք չենք ունեցել թե՛ քաղաքացիներից, որոնք մեզ այդ հարցում շատ օգնում են և տեղեկություններ են փոխանցում, թե՛ առողջապահության նախարարությունից: Բայց երեկ չէ առաջին օրն, օրինակ, ունեցել ենք և կարգավորել ենք»,- ասաց նա:
Անդրադառնալով երեկ կեսգիշերից ուժի մեջ մտած անձանց տեղաշարժի սահմանափակմանը վերաբերող որոշմանը՝ ոստիկանության պաշտոնյան հայտնեց, որ անցած կեսգիշերից սկսած 92 անձի, որոնք խախտել են ավտոմեքենայում 2 հոգուց ավելի գտնվելու որոշումը, ոստիկանները դուրս են հրավիրել ավտոմեքենայից, 2 ավտոմեքենաների նատմամբ տուգանքի ակտեր են կազմվել:
Բայց առավել խիստ հսկողություն կսահմանվի այսօր 16:00-ից հետո: Այդ ժամից սկսած սահմանափակման ռեժիմը խախտողների նկատմամբ կկիրառվի վարչական պատասխանատվություն՝ տուգանք՝ 100-250 հազար դրամի չափով:
Կոմունալ վճարումները արտակարգ դրության ժամանակ․ ՀՀ քաղաքացիներին արտոնություններ կտրվե՞ն
«Մինչև 16:00 փորձելու ենք քաղաքացիներին, կոպիտ ասած, ընտելացնենք պրոցեսին»,- ասաց Մհրյանը: «Ընտելացնելու» համար ոստիկանության ավտոմեքենաները երեկ երեկոյից սկսած շրջում են փողոցներում ու մարդկանց իրազեկում առանց անհրաժեշտության տնից դուրս չգալու՝ պարետի որոշման մասին:
Պատասխանելով տնից դուրս գալիս անձնագիր ու տեղաշարժման թերթիկ ունենալու պարտադիր պահանջի մասին հարցերին՝ ոստիկանապետի տեղակալը նշեց, որ, օրինակ, աղբը թափելու դեպքում այդ նորմը պարտադիր չէ:
«Ես կարծում եմ, որ եթե ոսիկանության աշխատակիցը տեսնի, որ քաղաքացին աղբն է տանում թափելու, ընբռնումով կմոտենա և կխնդրի ուղղակի արագ թափել ու գնալ տուն»,- ասաց Մհրյանը:
Հիշեցնենք, կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով ՀՀ ԱԺ-ն արտահերթ նիստում մարտի 23-ին միաձայն (117 կողմ) ընդունեց արտակարգ դրության ժամանակ մեկուսացման կամ ինքնամեկուսացման պահանջները խախտելու համար վարչական ու քրեական պատասխանատվության մասին օրինագիծը։
Քրեական ու վարչական օրենսգրքերում կատարված փոփոխություններով` արտակարգ դրության ընթացքում մեկուսացման կամ ինքնամեկուսացման կանոնները խախտելն առաջացնում է տուգանքի նշանակում 100-250 հազար դրամի չափով (առաջին ընթերցմամբ ընդունված տարբերակում 300-500 հազար էր), մեկուսացման կամ ինքնամեկուսացման կանոնները խախտելու հետևանքով անզգուշությամբ այլ անձի վարակումը պատժվում է տուգանքով՝ 300-500 հազար դրամի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը 1 ամիս ժամկետով, երկու կամ ավելի անձանց վարակումը կամ մարդու առողջությանը ծանր վնասի պատճառումը պատժվում է տուգանքով՝ 500-700 հազար դրամի չափով կամ կալանքով՝ 1-3 ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ մինչև 2 տարի ժամկետով, մարդու մահվան առաջացումը պատժվում է ազատազրկմամբ՝ 2-4 տարի ժամկետով։
ՀՀ ոստիկանությունը մեկ շաբաթով դադարեցնում է մի քանի ստորաբաժանումների աշխատանքը