Արսեն Թորոսյանը հայտնեց, թե ինչ դեղերով են բուժում կորոնավիրուսով վարակվածներին

ՀՀ առողջապահության նախարարը խոսեց մեր երկրում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակի մասին` վստահեցնելով, որ դեղերի խնդիր չկա։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 մարտի – Sputnik. ՀՀ առողջապահության նախարարը Արսեն Թորոսյանը Facebook–ի ուղիղ եթերում հայտնեց, որ Հայաստանը ձեռք է բերել աշխարհում կորոնավիրուսի դեմ փորձարարական մակարդակով կիրառվող բոլոր դեղամիջոցները։

«Մենք արդեն ունենք բոլոր պրեպարատները, որոնք առնվազն փորձարարական մակարդակով աշխարհում կիրառվում են այս հիվանդության բուժման համար, քանի որ ապացուցողական բազան դեռ այնքան մեծ չէ, որ մենք վստահ լինենք, թե որ դեղն է բուժում այս հիվանդությունը։ Սակայն այն բոլոր դեղերը, որոնք աշխարհի որևէ երկրում դրական արդյունք են ցույց տվել, մենք այս պահին ունենք մեր զինանոցում, այդ թվում` վերջին օրերին հայտարարված «Պլակենիլ» դեղը»,– ասաց նա։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս գիշեր Facebook–ի ուղիղ եթերում հայտնել էր, որ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 235–ի։ Նա տեղեկացրել էր, որ թվային աճից բացի, կորոնավիրուսի վարակն ընդլայնել է նաև վարակի աղբյուրները։ Հայտնի աղբյուրներին ավելացել են ևս երկուսը։ Փաշինյանի խոսքով` վարակի նոր դեպքեր են հայտնաբերվել Կոտայքի ու Երևանի մեկական ձեռնարկություններում. Երևանինը գտնվում է Էրեբունի համայնքում։

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացավ 41-ով. Փաշինյանը նոր թվեր հրապարակեց

Հիշեցնենք` կորոնավիրուսի առաջին դեպքի մասին հայտնի դարձավ մարտի 1-ի վաղ առավոտյան. վարակվածը 29-ամյա տղամարդ էր, որն Իրանից Հայաստան էր ժամանել փետրվարի 28-ին: Նա արդեն դուրս է գրվել հիվանդանոցից։ Մարտի 11-ին ՀՀ–ում կորոնավիրուսի երեք նոր դեպք հայտնաբերվեց։

Դիլիջանյան կարանտին. մեկուսացվածների համար համերգ են կազմակերպել․ տեսանյութ

Վարակվածները եկել էին Իտալիայից։ Նրանցից մեկն Էջմիածնի բնակչուհի է և, ըստ լուրերի, գնացել էր Իտալիա` որդու ընտրյալի համար հարսանյաց զգեստ գնելու, այնուհետև Էջմիածնում մասնակցել էր որդու նշանադրությանը։ Դրանից հետո վարակվածների թիվը սկսեց աճել։

Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցն աշխատում է արտակարգ ռեժիմով. լուսանկարներ

Մարտի 16-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ կորոնավիրուսի դեպք է արձանագրվել նաև Երևանի արտադրական ձեռնարկություններից մեկում։

«Նորք» ինֆեկցիոնի բժշկին զարմացրել է Երևանի փողոցների աշխուժությունը. նա կոչ է հղել

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ հաստատված դեպքերի մեծամասնությունը կապված էր հենց այդ արտադրամասի հետ:

Հայաստանում մարտի 16–ից ապրիլի 14-ը արտակարգ դրություն է հայտարարվել։