ԵՐԵՎԱն, 24 մարտի- Spurtnik. Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ Արցախում կորոնավիրուսի կասկածով երեք քաղաքացի է մեկուսացվել։
«Ներկա դրությամբ Արցախի Հանրապետությունում նոր տիպի կորոնավիրուսի վարակման դեպք չի արձանագրվել: Միաժամանակ տեղեկացնում ենք, որ տարբեր օրերի ընթացքում քաղաքացիներ են մեկուսացվել, որոնցից փորձանմուշ է վերցվում և ուղարկվում փորձաքննության: Բացասական պատասխանի դեպքում նրանց մեկուսացումը դադարեցնում են», – ասվում է հաղորդագրության մեջ։
Դեռևս չեն ստացվել երեք քաղաքացու թեստերի պատասխանները։ Նրանք երեքն էլ գտնվում են պատշաճ բժշկական հսկողության տակ։
Նախարարությունը տեղեկացնում է նաև, որ որոշ դեպքերում, բժիշկների հորդորով, քաղաքացիները նաև իրենց տներում են ինքնամեկուսանում, սակայն շարունակում են մնալ բժիշկների վերահսկողության տակ:
Հիշեցնենք, որ մարտի 24-ի ժամը 19:00-ի դրությամբ կորոնավիրուսով վարակվածների թիվը Հայաստանում հասել է 249–ի։ Վարակի դեպքեր ունենք Երևանում, Արմավիրի, Արարատի, Արագածոտնի, Կոտայքի, Սյունիքի, Շիրակի և Լոռու մարզերում: Կորոնավիրուսի կանխարգելման նպատակով մարտի 16-ին Հայաստանում արտակարգ դրություն է սահմանվել, որը կտևի մինչև ապրիլի 14–ը:
Հայաստան-Արցախ սահմանը կարելի է հատել միայն անձը հաստատող փաստաթղթով. ԱՀ ոստիկանություն