Սարգսյանը ստորագրեց արտակարգ դրության պահանջները խախտելու մասին օրինագիծը

Մեկուսացման և ինքնամեկուսացման կանոնները սահմանելիս՝ անգամ արտակարգ դրության պայմաններում, տարբեր առողջական լուրջ խնդիրներ ունեցող անձանց համար, ընտանեկան դժբախտությունների ժամանակ և բացառիկ դեպքերում անհրաժեշտ է ցուցաբերել հոգատար վերաբերմունք և անհատական մոտեցում:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 մարտի – Sputnik. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրեց արտակարգ դրության ժամանակ մեկուսացման կամ ինքնամեկուսացման պահանջները խախտելու համար վարչական ու քրեական պատասխանատվության մասին օրինագիծը։
Ինչպես տեղեկացնում են նախագահի մամուլի ծառայությունից, Արմեն Սարգսյանն այսօր է ստորագրել «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում» լրացումներ կատարելու մասին» և ««Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» օրենքները:

«Տաշիր» հիմնադրամը Հայաստանին 200 հազար դոլար է տրամադրել կորոնավիրուսի դեմ պայքարի համար

«Օրենքները նպատակաուղղված են բարձրացնելու արտակարգ դրության ընթացքում ձեռնարկվող միջոցառումների արդյունավետությունը:

Կանխարգելիչ միջոցառումներն անհրաժեշտ են և պետք է անվերապահ և պատասխանատու ձևով կատարվեն յուրաքանչյուրի կողմից»,-ասված է նախագահի հայտարարության մեջ:

Նշվում է, որ անհրաժեշտ է նաև բոլոր պատկան մարմինների, այդ թվում՝ իրավապահների կողմից օրենքների կիրառման ընթացքում բարձր պատասխանատվության դրսևորում:

ՀՀ քաղաքացիները կարող են Բելառուսով հայրենիք վերադառնալ․ դեսպան

«Մեկուսացման և ինքնամեկուսացման կանոնները սահմանելիս, անգամ արտակարգ դրության պայմաններում, տարբեր առողջական լուրջ խնդիրներ ունեցող անձանց համար, ընտանեկան դժբախտությունների ժամանակ և այլ բացառիկ դեպքերում անհրաժեշտ է ցուցաբերել հոգատար վերաբերմունք և անհատական մոտեցում»,-ասված է հայտարարության մեջ:

Սարգսյանի հայտարարության մեջ նշնում է, որ կարևոր է նաև, օրենքով մամուլի համար սահմանվող սահմանափակումների հիմնավորված ու համաչափ կիրառումը: 

Ովքե՞ր կարող են աշխատել ՀՀ–ում. սահմանափակումների ու բացառությունների ցանկը հրապարակվեց

Հիշեցնենք, որ երեկ՝ մարտի 23-ին ԱԺ-ն արտահերթ նիստում միաձայն (117 կողմ) հաստատեց արտակարգ դրության ժամանակ մեկուսացման կամ ինքնամեկուսացման պահանջները խախտելու համար վարչական ու քրեական պատասխանատվության մասին օրինագիծը։

Քրեական ու վարչական օրենսգրքերում կատարված փոփոխություններով` արտակարգ դրության ընթացքում մեկուսացման կամ ինքնամեկուսացման կանոնները խախտելն առաջացնում է տուգանքի նշանակում 100-250 հազար դրամի չափով (առաջին ընթերցմամբ ընդունված տարբերակում 300-500 հազար էր), մեկուսացման կամ ինքնամեկուսացման կանոնները խախտելու հետևանքով անզգուշությամբ այլ անձի վարակումը պատժվում է տուգանքով՝ 300-500 հազար դրամի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը 1 ամիս ժամկետով, երկու կամ ավելի անձանց վարակումը կամ մարդու առողջությանը ծանր վնասի պատճառումը պատժվում է տուգանքով՝ 500-700 հազար դրամի չափով կամ կալանքով՝ 1-3 ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ մինչև 2 տարի ժամկետով, մարդու մահվան առաջացումը պատժվում է ազատազրկմամբ՝ 2-4 տարի ժամկետով։

ՀՀ–ում տեղաշարժի սահմանափակումներ կլինեն. կորոնավիրուսի կանխարգելման քայլերը խստացվում են