Ռոբերտ Քոչարյանի գործով նոր դատավոր չի նշանակվի

ՀՀ երկրորդ նախագահի փաստաբանները խնդրել էին անձնական երաշխավորության միջոցի քննությունը մակագրել այլ դատավորի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 մարտի – Sputnik. ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը հայտնում է, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արթուր Մկրտչյանը հրաժարվել է Ռոբերտ Քոչարյանի կալանավորումն անձնական երաշխավորությամբ փոխարինելու միջնորդությունը մակագրել այլ դատավորի։ 

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին

Ի պատասխան Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանի դիմումի՝ դատարանից հիշեցրել են, որ քրեական գործը գտնվում է դատավոր Աննա Դանիբեկյանի վարույթում, և նա էլ կշարունակի քննությունը։

Հիշեցնենք` մարտի 21-ին Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հովհաննես Խուդոյանը դիմել էր Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արթուր Մկրտչյանին՝ խնդրելով Քոչարյանի խափանման միջոց կալանքը անձնական երաշխավորությամբ փոխելու միջնորդության քննարկումը մակագրել այլ դատավորի։

Բանն այն է, որ մարտի 1-ի գործով հերթական դատական նիստը, որը նշանակված էր մարտի 17-ին, չէր կայացել նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանի բացակայության պատճառով։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Դանիբեկյանը վիրահատվել է, և ամենայն հավանականությամբ, առաջիկայում ևս չի ներկայանա դատական նիստերին։

Քոչարյանի փաստաբանները հայտարարել էին, որ մարտի 17-ի նիստում պատրաստվում են ներկայացնել երկրորդ նախագահին անձնական երաշխավորությամբ ազատ արձակելու միջնորդությունը։ Իսկ երաշխավորությամբ փոխելու առաջարկով հանդես էին եկել ՀՀ նախկին վարչապետներ Վազգեն Մանուկյանը, Խոսրով Հարությունյանը և Կարեն Կարապետյանը, ինչպես նաև Արցախի նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանը։

Սահմանադրական կարգը սյուն չէ, որ տապալել լինի. Ռոբերտ Քոչարյանի պաշտպան