Ինչպես է պետությունն ուզում աջակցել տնտեսվարողներին. Փաշինյանը նախագիծ է ներկայացրել

Միջոցառումը նպատակ ունի օժանդակել, որ կորոնավիրուսի հետևանքով ՀՀ առանձին տնտեսվարողների մոտ կանխատեսվող ընթացիկ իրացվելիության հետ կապված ռիսկերը մեղմվեն:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 մարտի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook սոցցանցի իր էջում գրառում է կատարել` ներկայացնելով կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման առաջին միջոցառման նախագիծը:

«ՀՀ տարածքում գործող ցանկացած ռեզիդենտ մասնավոր առևտրային կազմակերպություն կամ անհատ ձեռնարկատեր (բացառությամբ՝ բանկերի, վարկային կազմակերպությունների, գրավատների և ապահովագրական ընկերությունների), որն առևտրային գործունեություն է ծավալել ՀՀ տարածքում առնվազն վերջին մեկ տարվա ընթացքում, ունի բարվոք վարկային և հարկային պատմություն կարող է ստանալ որոշակի օժանդակություն»,–նշված է նախագծի մեջ։

Օժանդակությունը տրամադրվում է տնտեսվարողներին՝ ՀՀ տարածքում գործող և լիցենզավորված բանկերից կամ վարկային կազմակերպություններից` ստացվող նպատակային վարկերի համաֆինանսավորման, վերաֆինանսավորման և տոկոսադրույքի սուբսիդավորման ձևով:

«Գյուղատնտեսական վարկերի տոկոսները կզրոյացվեն»․ Փաշինյան

Ըստ այդմ, պետությունը կհամաֆինանսավորի փորձելով լուծել տնտեսվարողների վարկի գծով տնտեսվարողի մոտ ապահովման միջոցի ոչ բավարար մակարդակի, արժութային ռիսկի մասնակի չեզոքացման, ինչպես նաև տոկոսների գծով ծախսերի մասնակի նվազեցման խնդիրները: Կվերաֆինանսավորի վարկի գծով տնտեսվարողի մոտ արժութային ռիսկի ամբողջական չեզոքացման, ինչպես նաև տոկոսների գծով ծախսերի մասնակի նվազեցման խնդիրները: Եվ կսուբսիդավորի վարկի գծով տնտեսվարողի մոտ տոկոսային ծախսերի էական նվազեցման խնդիրը:

Վարկերի հետ կապված այլ մանրամասներին կարող եք ծանոթանալ Facebook սոցցանցի` Փաշինյանի էջում։

Հիշեցնենք` կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով Հայաստանում մարտի 16–ից ապրիլի 14–ը արտակարգ դրություն է սահմանվել։ Փակվել են բոլոր կրթական հաստատություններն ու մշակութային օջախները, չեղարկվել բոլոր հանրային միջոցառումները։

Հայաստանի ամբողջ տարածքում աարգելվել է առևտրի կենտրոնների գործունեությունը՝ բացի սննդի, խմիչքների, ալկոհոլային խմիչքների, ծխախոտային արտադրության ապրանքների մանրածախ առևտրի կետերից։

Փակվել են նաև բոլոր բարերը, գիշերային ակումբները, պարահրապարակները, խաղատները, բուքմեյքերական գրասենյակներն ու խաղագումարով գրազի կազմակերպման կետերը։ Արգելվել են ֆիլմերի ցուցադրումները։

Անկախ Հայաստանում քանի անգամ և ինչու է արտակարգ դրություն հայտարարվել