ԵՐԵՎԱՆ, 23 մարտի — Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքները համակարգող հանձնաժողովի նիստում հայտարարեց, որ ըստ վերլուծությունների` կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը կարող է տևել շատ ավելի երկար, քան ի սկզբանե նախատեսված էր։
«Պետք է որոշակի պատկերացումներ ունենանք, թե ինչպես ենք կյանքը կազմակերպելու ՀՀ–ում։ Պետք է գտնենք, ձևավորենք ազատ և անվտանգ տարածքներ, որտեղ կարող ենք համեմատական անվտանգության պայմաններում մեր կյանքը կազմակերպել` հընթացս հետևելով իրադարձություններին»,–ասաց Փաշինյանը։
Նրա խոսքով` ամբողջ աշխարհում կորոնավիրուսի հետ կապված հսկայական անորոշություն է տիրում։ Վարչապետը նշեց, որ ամենաանսպասելի տեղեկություններ են գալիս, օրինակ, որ աշխարհի ամենազարգացած երկրներից մեկը թեստերի դեֆիցիտ ունի։
Փաշինյանը նշեց, որ կառավարության գործունեությունը պետք է երկու մասի բաժանված լինի` պարետատան գործունեություն, որն օպերատիվ հարցերը կկարգավորի, և հակաճգնաժամային քայլեր պետք է մշակվեն, որպեսզի կոլապսների առաջ չկանգնեն։
Հիշեցնենք, որ Հայաստանում մարտի 16–ից ապրիլի 14-ը արտակարգ դրություն է հայտարարվել։ Փակվել են բոլոր կրթական հաստատություններն ու մշակութային օջախները, չեղարկվել բոլոր հանրային միջոցառումները։
Մարտի 23-ին ԱԺ–ն ընդունեց մեկուսացման պահանջի խախտումը քրեականացնող օրինագիծը։
Այսօրվա դրությամբ Հայաստանում կորոնավիրուսով վարակվելու 194 դեպք է գրանցվել։
Մեկուսացման ռեժիմը խախտողները կենթարկվեն պատասխանատվության. ԱԺ–ն օրենք ընդունեց