Հայաստան մուտք գործել չեն կարող 41 երկրների քաղաքացիներ. ցանկն ընդլայնվել է

Կորոնավիրուսով պայմանավորված համաճարակաբանական լարված իրավիճակ ունեցող երկրների ցանկում են հայտնվել նաև Ռուսաստանն ու ԱՄՆ–ն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 մարտի — Sputnik. ՀՀ փոխվարչապետ, գլխավոր պարետ Տիգրան Ավինյանի որոշմամբ` ընդլայնվել է համաճարակաբանական լարված իրավիճակ ունեցող երկրների ցանկը և սահմանափակվել դրանց քաղաքացիների մուտքը ՀՀ։ 

Այսուհետ Հայաստան չեն կարող գալ Ամերիկայի Միացյալ Նահանգներից, Ավստրալիայից, Եվրոպական միության անդամ պետություններից (Ավստրիա, Բելգիա, Բուլղարիա, Գերմանիա, Դանիա, Էստոնիա, Իռլանդիա, Իսպանիա, Իտալիա, Լատվիա, Լեհաստան, Լիտվա, Լյուքսեմբուրգ, Խորվաթիա, Կիպրոս, Հունաստան, Հունգարիա, Մալթա, Նիդերլանդներ, Շվեդիա, Չեխիա, Պորտուգալիա, Ռումինիա, Սլովակիա, Սլովենիա, Ֆինլանդիա, Ֆրանսիա)։

Բացի այդ, չի թույլատրվի քաղաքացիների մուտքը Հայաստան նաև Թուրքիայից, Իսրայելից, Իրանից, Կանադայից, Կորեայից, Ճապոնիայից, Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունից, Նորվեգիայից, Շվեյցարիայից, Չինաստանից, Ռուսաստանից և Վրաստանից։

Հեռախոսային նոր հավելվածի միջոցով մարդիկ կիմանան, թե թիրախային որ խմբում են. Ավինյան

Իտալացիները տնից դուրս գալու հնարամիտ ձև են գտել․ նրանց օգնում են փափուկ խաղալիքները

Ընդհանուր առմամբ, 41 երկներից քաղաքացիները չեն կարող մուտք գործել Հայաստան, քանի դեռ արտակարգ դրություն է սահմանված։ Նշենք, որ սահմանափակումը չի վերաբերում վերոհիշյալ երկրների ՀՀ քաղաքացիներին։

Հիշեցնենք, որ մինչ այս արդեն իսկ արգելվել էր քաղաքացիների մուտքը Չինաստանից, Իրանից, Հարավային Կորեայից, Ճապոնիայից, Իտալիայից, Իսպանիայից, Ֆրանսիայից, Գերմանիայից, Շվեյցարիայից, Դանիայից, Ավստրիայից, Բելգիայից, Նորվեգիայից, Շվեդիայից, Նիդեռլանդներից, Միացյալ Թագավորությունից։

Հայաստանում կորոնավիրուսով պայմանավորված` մարտի 16-ից ապրիլի 14–ը հայտարարվեց արտակարգ դրություն։

Այսօրվա դրությամբ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը 194 է։

Հայաստանից Վրաստան և հակառակ ուղղությամբ սահմանը կարելի է հատել միայն Սադախլոյով