Չինաստանը Հայաստանին բժշկական արտահագուստ և թոքերի արհեստական օդափոխման սարքեր կտրամադրի

ԱԳ նախարարի տեղակալը բարձր է գնահատել այն փաստը, որ չինական կողմը փոխանցում է նոր տիպի կորոնավիրուսի դեմ պայքարի փորձը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 մարտի — Sputnik. ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ավետ Ադոնցի հետ հեռախոսային տեսաքննարկման ժամանակ ՀՀ-ում ՉԺՀ դեսպան Թիեն Ըրլունը ասել է, որ Չինաստանը պատրաստ է Հայաստանին հավելյալ աջակցություն ցուցաբերել՝ անհատույց տրամադրելով 110.000 ԱՄՆ դոլար արժողությամբ բժշկական հատուկ արտահագուստ և թոքերի արհեստական օդափոխության սարքեր։

«ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը խնդրել է չինական կողմին շարունակել այս ուղղությամբ տրամադրվող աջակցությունը: Կողմերը մտքեր են փոխանակել ՀՀ և ՉԺՀ միջև մուտքի արտոնագրի պահանջը ժամանակավոր չեղարկող համաձայնագրի գործողության դադարեցման ներկայիս ժամկետը (ս.թ. մարտի 31) երկարաձգելու կապակցությամբ»,–նշված է հաղորդագրության մեջ։

ԱԳ նախարարի տեղակալը բարձր է գնահատել այն փաստը, որ չինական կողմը Հայաստանի հետ շարունակաբար փոխանակում է նոր տիպի կորոնավիրուսի դեմ պայքարի և կանխարգելման միջոցառումների իր լավագույն փորձը։

«Նորք» ինֆեկցիոնի բժշկին զարմացրել է Երևանի փողոցների աշխուժությունը. նա կոչ է հղել

Լաբորատորիան ախտահանվել է, կորոնավիրուսի թեստավորումը` վերսկսվել

Նա բարձր է գնահատել Չինաստանի կողմից համավարակի դեմ պայքարի վերաբերյալ գիտելիքի առցանց տեղեկատվական հարթակի ստեղծումը (Knowledge Center for China’s Experiences in Response to COVID-19, https://covid19.alliancebrh.com)։

Ադոնցը կարևորել է նաև Չինաստանի Ճըծյանգ նահանգի առաջին բժշկական համալսարանական հիվանդանոցի կողմից նոր տիպի կորոնավիրուսի կանխարգելման և բուժման մասին ձեռնարկի կազմումը, որի վերաբերյալ տեղեկատվությունը վերջին շրջանում փոխանցվել է ՀՀ առողջապահության նախարարությանը:

Հիշեցնենք, որ Հայաստանում մարտի 16–ից ապրիլի 14-ը արտակարգ դրություն է հայտարարվել։ Փակվել են բոլոր կրթական հաստատություններն ու մշակութային օջախները, չեղարկվել բոլոր հանրային միջոցառումները։

Այսօրվա դրությամբ Հայաստանում կորոնավիրուսով վարակվելու 194 դեպք է գրանցվել։ Կա 2 առողջացած։

Կորոնավիրուսով պայմանավորված այս իրավիճակը կարող է շատ ավելի երկար տևել. Փաշինյան