ԵՐԵՎԱՆ, 23 մարտի – Sputnik. Կառավարության մամուլի կենտրոնում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը հայտնեց, որ այսօր ուժի մեջ կմտնի պարետի` Տիգրան Ավինյանի որոշումը, ըստ որի` կարգելվի ՀՀ ողջ տարածքում առևտրի իրականացման վայրերում տնտեսական գործունեության որոշ տեսակներ։
«Սահմանափակումներ կգործեն բարերի, խմիչքների մատուցման հետ կապված, կինոդիտումների, սպորտի, զվարճանքի վայրերի և շահումով խաղերի կազմակերպման օբյեկտների նկատմամբ»,–ասաց Սիմոնյանը։
Նրա խոսքով` սահմանափակումներ կլինեն անհատական ծառայությունների մատուցման վրա, բացառություն կլինի թաղումների կազմակերպմամբ զբաղվողների համար։
Սիմոնյանը հայտնեց, որ սահմանափակումներ չեն կիրառվի նաև սրճարանների, շարժական կետերում խմիչքների վաճառքի վրա։ Կկարողանան աշխատել նաև պարենային ապրանքերի վաճառքով զբաղվող օբյեկտները, դեղատները և գյուղատնտեսական արտադրանքի շուկաների գործունեությունը։
Հիշեցնենք, որ Հայաստանում մարտի 16–ից ապրիլի 14-ը արտակարգ դրություն է հայտարարվել։ Փակվել են բոլոր կրթական հաստատություններն ու մշակութային օջախները, չեղարկվել բոլոր հանրային միջոցառումները։
Մարտի 23-ին ԱԺ–ն ընդունեց մեկուսացման պահանջի խախտումը քրեականացնող օրինագիծը։
Մեկուսացման ռեժիմը խախտողները կենթարկվեն պատասխանատվության. ԱԺ–ն օրենք ընդունեց