Ավինյանը սուպերմարկետներին հորդորում է մարտի 24-ից երկու ժամ սպասարկել միայն տարեցներին

Ավինյանը նման կոչ է արել հաշվի առնելով, որ կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակն առավել վտանգավոր է ավագ սերնդի մեր համաքաղաքացիների համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 մարտի – Sputnik. ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը կոչ է արել խանութներին, սուպերմարկետներին մարտի 24֊ից առավոտյան 10։00֊12։00 ժամերն առանձնացնել միայն կենսաթոշակային տարիքի անձանց սպասարկելու համար։

Հեռախոսային նոր հավելվածի միջոցով մարդիկ կիմանան, թե թիրախային որ խմբում են. Ավինյան

«Կոչ եմ անում մթերային խանութներին, սուպերմարկետներին մարտի 24֊ից առավոտյան 10։00֊12։00 ժամերն առանձնացնել միայն կենսաթոշակային տարիքի անձանց սպասարկելու համար։ Մյուս տարիքային խմբերի քաղաքացիներին խնդրում եմ այդ ժամերին խանութ չգնալ և այդպիսով շփումը նվազեցնելով՝ պահպանել ավագ սերնդի մեր համաքաղաքացիների առողջությունը»,- նշել է Ավինյանը։

Նշենք, որ այսօր առավոտյան նոր վարակվածներ չեն գրանցվել։ Երեկ երեկոյան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook սոցցանի իր էջով ուղիղ եթերի ժամանակ հայտնել էր, որ կորոնավիրուսով վարակվելու 4 նոր դեպք է արձանագրվել, իսկ երեկ առավոտվա դրությամբ կորոնավիրուսով վարակվածների թիվը 190 էր։

Հիշեցնենք` կորոնավիրուսի առաջին դեպքի մասին հայտնի դարձավ մարտի 1-ի վաղ առավոտյան. վարակվածը 29-ամյա տղամարդ էր, որն Իրանից Հայաստան էր ժամանել փետրվարի 28-ին: Նա արդեն դուրս է գրվել հիվանդանոցից։ Մարտի 11-ին ՀՀ–ում կորոնավիրուսի երեք նոր դեպք հայտնաբերվեց։

Վարակվածները եկել էին Իտալիայից։ Նրանցից մեկն Էջմիածնի բնակչուհի է և, ըստ լուրերի, գնացել էր Իտալիա` որդու ընտրյալի համար հարսանյաց զգեստ գնելու, այնուհետև Էջմիածնում մասնակցել էր որդու նշանադրությանը։ Դրանից հետո վարակակիրների թիվը սկսեց աճել։

Ինչպես են իրենց զգում 190 վարակակիրները. նախարարը մանրամասներ ներկայացրեց. տեսանյութ

Մարտի 16-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ կորոնավիրուսի դեպք է արձանագրվել նաև Երևանի արտադրական ձեռնարկություններից մեկում։

Դրանից հետո հաստատված դեպքերի մեծամասնությունը կապված էր հենց այդ արտադրամասի հետ:

Հայաստանում մարտի 16–ից ապրիլի 14-ը արտակարգ դրություն է հայտարարվել։

Այսօր ԱԺ–ն ընդունեց մեկուսացման պահանջի խախտումը քրեականացնող օրինագիծը։