Վրաստանից Հայաստան տեղափոխվածները կլինեն հսկողության տակ

Քաղաքացիների մոտ կասկածելի ախտանշաններ չեն գրանցվել։ Հոսպիտալացում չի արվել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 մարտի — Sputnik. Վերին Լարսի անցակետում օրեր շարունակ գտնվող շուրջ 140 ՀՀ քաղաքացիներն այսօր գիշերը Վրաստանի տարածքով Հայաստան անցնելիս սահմանին անցել են ջերմաչափում և անհրաժեշտ արտաքին զննում։

Ինչպես տեղեկացնում են Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնից, Բագրատաշենի բժշկասանիտարական հսկիչ կետում բոլոր քաղաքացիների առողջական վիճակը սահմանված կարգով դիտարկվել է. կասկածելի ախտանշաններ որևէ մեկի մոտ չեն գրանցվել։ Հոսպիտալացում չի եղել։

Արդարադատության փոխնախարարը կորոնավիրուսով վարակված չէ. թեստի արդյունքը բացասական է

«Բոլոր քաղաքացիների համար լրացվել են հասցեական քարտեր։ Դրանք կտրամադրվեն ՀՀ վերադարձած անձանց բնակության կամ գրանցման վայրի պոլիկլինիկաներին` այս անձանց առողջական հետագա վիճակը հսկողության տակ պահելու համար»,–ասված է հայտարարության մեջ։

Նշենք, որ ավելի վաղ այս հարցի վերաբերյալ գրառում էր կատարել ՀՀ պարետ Տիգրան Ավինյանը` տեղեկացնելով, որ Ռուսաստանի և Վրաստանի գործընկերների հետ օրեր շարունակ վարած բանակցությունների և գործընկերների բարի կամքի շնորհիվ հնարավոր է եղել, բացառության կարգով, ապահովել Վերին Լարսի անցակետում օրեր շարունակ գտնված մոտ 140 ՀՀ քաղաքացիների տեղափոխումը ՀՀ Վրաստանի տարածքով:

Ավինյանը նաև ընդգծել է, որ Վրաստանի կառավարության որոշմամբ՝ օտարերկրացիները, այդ թվում ՀՀ քաղաքացիները, չեն կարող մուտք գործել Վրաստանի տարածք: Նման իրավիճակներից խուսափելու համար ՌԴ-ից Հայաստան վերադառնալ ցանկացող քաղաքացիներին կոչ է արվում օգտվել բացառապես օդային ճանապարհից:

Պայքար կորոնավիրուսի դեմ. հրշեջ-փրկարարական ջոկատների տարածքները և տեխնիկան ախտահանվում են

Հիշեցնենք, որ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մարտի 22–ին հասավ 190-ի։ Ապաքինվել են 2–ը։ Մարտի 16–ից ապրիլի 14-ը Հայաստանում արտակարգ դրություն է հայտարարվել։

Մարտի 20-ին ԱԺ–ն առաջին ընթերցմամբ ընդունեց մեկուսացման պահանջի խախտումը քրեականացնող օրինագիծը։