Ինչպես զարմացնել կանանց․ լավագույն ուտեստների հնգյակ` տանը մնացած տղամարդկանց համար

Արտակարգ դրության ընթացքում կարելի է ազատ ժամանակն ավելի ճիշտ օգտագործել և հաճելի անակնկալ մատուցել սիրելի կանանց։
Sputnik

Լաուրա Սարգսյան, Sputnik Արմենիա

Եթե միջին վիճակագրական հայ տղամարդու պես տանը նստած չգիտեք ՝ ինչ անեք, առաջարկում ենք հոգ տանել ձեր կանանց մասին ու զարմացնել նրանց, քույրերին ու մայրերին։ Իսկ զարմացնել նրանց կարող եք արագ ու համեղ նախաճաշ, ճաշ կամ ընթրիք պատրաստելով։

Թեև մարտի 16-ից ապրիլի 14-ը երկրում արտակարգ դրություն է հայտարարվել, կանանց միամսյակը ոչ ոք դեռ չի չեղարկել։

Ինչպես պաշտպանվել կորոնավիրուսից. Եվգենի Պետրոսյանի խորհուրդները` տեսանյութով

Sputnik Արմենիան, այս հարցում տղամարդկանց օգնելու համար, ներկայացնում է «Համով Հայաստան» խոհարարական ծրագրի հիման վրա կազմած ուտեստների հավաքածու։ Դրանք հանգիստ կարող է պատրաստել ինչպես խոհարարության ոլորտի մասնագետը, այնպես էլ սկսնակը։

Մրգային կաթնաշոռ

Սա շատ հեշտ ու արագ պատրաստվող, բայց համեղ ու օգտակար ուտեստ է նախաճաշի համար։ Այն պատրաստելու համար անհրաժեշտ է ձու, ալյուր, շաքարավազ, կաթնաշոռ և սեզոնային մրգեր։

Համով Հայաստան. ինչպես հաշված րոպեների ընթացքում պատրաստել արքայական նախաճաշ

Կաթնաշոռը խառնում ենք շաքարավազի հետ, ձու ենք ավելացնում ու շարունակում ենք խառնել։ Ավելացնում ենք ալյուր ու մանր կտրատած ցանկացած սեզոնային միրգ։ Այդ խառնուրդը երկու կողմից տապակում ենք թավայի վրա։

Հոթ դոգ 

Եթե ձեր երկրորդ կեսը կամ ընտանիքի կանայք արագ սնունդ են սիրում, ապա հոթ դոգի այս բաղադրատոմսը ձեզ հաստատ պետք կգա։ Հոթ դոգ պատրաստելու համար հասարակ բաղադրիչներ են անհրաժեշտ` հաց և նրբերշիկ։ Հոթ դոգի համար մենք նախևառաջ տաքացնում ենք հացը, զուգահեռ խաշում ենք նրբերշիկը, որը այնուհետև տապակում ենք մինչև կարմիր կեղև առաջանա։

Համով Հայաստան. հոթ դոգի ամենահամեղ բաղադրատոմսը

Պատրաստում ենք հոթ դոգը. դրա մեջ կարելի է ավելացնել կտրատած կանաչի կամ բանջարեղեն, ինչը թարմ համ կհաղորդի հոթ դոգին։ Կարող եք նաև վրան թթվասեր կամ մայոնեզ ավելացնել, այդ դեպքում բացարձակ այլ համ կստանաք։ Եթե աղի եք նախընտրում, կարող եք ավելացնել մանրացրած պանիր։

Հրակեզ սերկևիլ

Եթե առողջ ապրելակերպի կողմնակից եք, այս բաղադրատոմսը ձեր հաստատ պետք կգա։ Այս ուտեստն արագ ու հեշտ պատրաստվողներից է։ Կարևորը՝ ունենաք բաղադրիչները։ Ուտեստը պատրաստելու համար օգտագործում են սերկևիլ, արևածաղկի ձեթ, մեղր, կոնյակ, գինի, նուշ, դարչին, անանուխ։ Մի վախեցեք, ցանկը մեծ է, բայց հեշտ է պատրաստվում։

Համով Հայաստան. «Հրակեզ սերկևիլ» կամ հայկական թագավորական աղանդերի գաղտնիքը

Վերցնում սերկևիլն ու կտրտում, թավան դնում կրակի վրա և սպասում մինչև տաքանա։ Լցնում ենք  ձեթը և տապակում սերկևիլը մինչև կեղևը կարմրի։ Ավելացնում ենք կոնյակն ու այրում, հանգցնում ենք կրակն ու ավելացնում դարչինը։ Այն աղանդերին հագեցած համ է հաղորդում։

Հանում ենք սերկևիլը կաթսայի միջից և այնտեղ մնացած հյութով սոուս պատրաստում` ավելացնելով գինի, անանուխ, այնուհետև մեղր` կարամելացման համար։

Սերկևիլը դնում ենք ափսեի վրա և վրան լցնում սոուսը։

Սմբուկով աղցան

Ուզում եք տապակած, բայց թեթև կալորիականությամբ մի բան ուտել։ Ուրեմն այս բաղադրատոմսը ձեզ պետք կգա։  Այս աղցանի համար պետք է սմբուկ, մոցարելա պանիր, սպանախ, ընկույզ, աղ, համեմունքներ։

Համով Հայաստան․ հեշտ պատրաստվում է, հեշտ` մարսվում. թեթև, ամառային և համեղ աղցան

Առաջին հերթին կտրատում ենք մոցարելան և սմբուկները։ Ի դեպ, եթե ձեռքի տակ մոցարելա չկա, ապա կարող ենք կիրառել ցանկացած պանիր։ Համեմում ենք սմբուկը և տապակում ջեռոցում։ Բայց կարելի է նաև սովորական թավայի մեջ։ Նախօրոք եփում ենք սպանախը։

Հետո շերտերով դասավորում ենք սմբուկը, պանիրը, սպանախը, ընկույզը։ Մատուցում ենք։

Լցոնած լոլիկ

Երբ շատ եք ուզում զարմացնել ձեր մտերիմներին, ապա հիշեք այս բաղադրատոմսի մասին։ «Լցոնած լոլիկ» պատրաստելու համար անհրաժեշտ է մեծ լոլիկ, բաստուրմա, քամած մածուն, ծիրանաչիր, ջուր։

Համով Հայաստան․ ինչպես է մեկ լոլիկը մի ամբողջ գունդ կերակրում

Լոլիկը 4-5 րոպե դնում ենք ջեռոցը` 200 աստիճան ջերմաստիճանի տակ։ Այնուհետև հանում ենք և կեղևը հեռացնում։ Հետո կտրատում ենք բաստուրման, չրերը և խառնում քամած մածունի հետ։ Խառնուրդը լցոնում ենք լոլիկի մեջ և պատրաստում հատուկ սոուսը։

Սոուս. քամած մածունին ավելացնում ենք ջուր, կարմիր պղպեղ և մեղր։ Լոլիկի վրա լցնում ենք սոուսը և մատուցում։