ՌԱԴԻՈ

ԱՄՆ-ն կրճատեց Արցախին տրամադրվող ուղիղ օգնությունը. քաղաքագետը նշում է որոշման պատճառները

Քաղաքագետ Սուրեն Սարգսյանը Sputnik Արմենիայի եթերում խոսել է ԱՄՆ–ի նախագահ Թրամփի վարչակազմի որոշման մասին, ըստ որի` կրճատվել է Արցախում ականազերծման ծրագրի ֆինանսավորումը։
Sputnik

 

ԱՄՆ-ն կրճատեց Արցախին տրամադրվող ուղիղ օգնությունը. քաղաքագետը նշում է որոշման պատճառները

Չնայած Միացյալ Նահանգների հայկական լոբբիի ու յոթ տասնյակ կոնգրեսականների կողմից ձեռնարկված ակտիվ ջանքերին` ԱՄՆ–ն չի պահպանի Արցախին տրամադրվող ուղիղ օգնությունը։

Սուրեն Սարգսյանի դիտարկմամբ` Թրամփի վարչակազմի առաջնահերթությունների մեջ չի մտնում արտաքին օգնության տրամադրումը, մասնավորապես, այն երկրներին, որոնք Միացյալ Նահանգների համար ռազմավարական նշանակություն չունեն: Հետևաբար, Թրամփի վարչակազմը շուրջ 40 տոկոսով կրճատել է ընդհանուր արտաքին օգնության ծավալը։

ԵԱՀԿ ՄԽ համանախագահները կոչ են անում կողմերին ձեռնպահ մնալ սադրիչ գործողություններից

«Երկրորդ հանգամանքն այն է, որ կրճատվել է օգնությունը հենց Լեռնային Ղարաբաղին։ Խոսքն այստեղ ականազերծման ծրագրի մասին է, որն Արցախում ամերիկյան կողմի ֆինանսավորմամբ իրականացնում էր կազմակերպություններից մեկը։ Հարցադրումները տարբեր են, թե ինչո՞ւ է այս ծրագիրը կրճատվել և ինչո՞ւ հենց այս փուլում։ Պետք է առանձնացնել ադրբեջանցի լոբբիստների ակտիվ աշխատանքը Վաշինգտոնում։ Մեզ հաջողվել է նույնիսկ պարզել, թե ադրբեջանական որ լոբբիստական կառույցին որքան գումար է հատկացվում ԱՄՆ–ի Անվտանգության խորհրդում աշխատանքներ իրականացնելու համար։ Հենց Անվտանգության խորհուրդն էլ որոշել է, որ այս ծրագիրը չի շարունակվելու»,– նշում է քաղաքագետը։

Սուրեն Սարգսյանն ափսոսանքով ընդգծում է այն փաստը, որ հայկական լոբբիի ակտիվ ջանքերն ու 70 կոնգրեսականների նամակը ակտիվ ազդեցություն չունեցան այս հարցում, և որոշումը, որը կայացվել էր շատ ավելի վաղ փուլում, ի վերջո դարձավ իրականություն։

«Որոշման հարցում համադրվել են ադրբեջանցիների ջանքերը և Թրամփի վարչակազմի կողմից ընդհանուր արտաքին օգնության ծավալները կրճատելու ցանկությունը։ Ըստ նրա` Ադրբեջանը Վաշինգտոնի համար դարձել է առաջնահերթություն, և պատահական չէ, որ 2018-19 թվականներին ԱՄՆ–ն Ադրբեջանին հատկացրեց շուրջ 100 մլն դոլարի ռազմական օգնություն»,– ասում է քաղաքագետը։

ԱՄՆ 73 կոնգրեսական առաջարկում են 100 մլն դոլար տրամադրել Հայաստանին, 1.5 մլն՝ Արցախին

Սուրեն Սարգսյանն այս որոշման համար առանձնացնում է ևս մեկ հանգամանք. Հայաստանից հնչեցին Միացյալ Նահանգների վերաբերյալ հայտարարություններ, թե ԱՄՆ–ն մեր երկրին հեղափոխությունից հետո ցուցաբերել է «զրո» աջակցություն։ Նման հայտարարությունները բնականաբար խանգարել են հայ լոբբիստներին, որպեսզի կարողանան ավելի էֆեկտիվ աշխատել Թրամփի վարչակազմի հետ։

Քաղաքագետի փոխանցմամբ` վերոհիշյալ որոշման մասին խոսակցությունները սկիզբ առան այն ժամանակ, երբ Հայաստանը ներգրավվածություն ունեցավ Սիրիայում, ինչը նույնպես ազդեցություն ունեցավ տվյալ խնդրի հանգուցալուծման վրա։ Սուրեն Սարգսյանի համոզմամբ`մեզ ըստ ամենայնի չի հաջողվի արդյունավետորեն աշխատել Թրամփի վարչակազմի հետ, ու եթե չլինի առաջնահերթությունների փոփոխություն, ինչը խիստ կասկածելի է, ապա որևէ արդյունք չի լինելու։