Կորոնավիրուսը մոռացության է մատնել կանանց միամսյակն ու զրոյացրել ծաղկի բիզնեսը

Կորոնավիրուսից ու Հայաստանում հայտարարված արտակարգ դրությունից տուժած հերթական ոլորտներից մեկը ծաղկի բիզնեսն է` աճեցնողից ու ներկրողից մինչև վաճառողներ ու վերավաճառողներ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 մարտի - Sputnik, Նելլի Դանիելյան․ Երևանյան ծաղկի խանութներում Sputnik Արմենիայի փոքրիկ շրջայցն ու հարցախույզը ցույց տվեց, որ Հայաստանում կորոնավիրուսի ու արտակարգ դրության պատճառով մոռացել են կանանց միամսյակն էլ, ծաղիկ նվիրելն էլ։

Ինչպես է պետք նախաձեռնել բիզնեսի տրանսֆորմացիաները կառավարելը

Ծաղկի խանութներից մեկի աշխատակիցները մեզ ցույց տվեցին գրեթե դատարկ ցուցափեղկերն ու ասացին` արդեն մի քանի օր է՝ ոչ մի ծաղիկ չեն վաճառել։

«Ծաղիկ գնող չկա, ծաղիկները մնում փչանում են։ Ափսոս է, երբեմն նույնիսկ անցորդներին ենք նվիրում, որ չմնան փչանան»,– պատմեցին նրանք։

Ծաղկավաճառները չբացառեցին, որ առաջիկա օրերին ընդհանրապես ստիպված են լինելու փակել խանութն ու մնալ առանց աշխատանքի։

«Էս եղած ծաղիկներն էլ տեսնենք ինչ ենք անում ու փակենք»,– նշեց նրանցից մեկը։

Ծաղկի վաճառքի դադարի մասին տեղեկությունները Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատեց Հայաստանի ջերմոցային տնտեսությունների ասոցիացիայի նախագահ Պողոս Գևորգյանը։

Նրա տեղեկություններով՝ խնդիրը ծաղկի խանութներից արդեն հասել է ծաղիկ աճեցնողներին` ջերմոցային տնտեսություններին։

Երազանքից` իրական բիզնես. ինչպես ընդամենը 12 օրում Մարիամը հաջողակ գործարար դարձավ

«Նրանք խնդիրներ ունեն ոչ միայն տեղում իրացման հետ, այլև արտահանման։ Այսօրվանից ամբողջ վաճառքն ընդհանրապես կանգ է առել։ Այն մարդիկ, որոնք իրենց ջերմոցներում միայն ծաղիկներ են աճեցրել, որոնք ամբողջ տարին աշխատել են, որ արդյունք ստանան, հիմա ոչ մի ծաղիկ չեն կարողանում վաճառել», – ընդգծեց Գևորգյանը։

Հիշեցնենք` շաբաթ օրը` մարտի 21-ին, Հայաստանում հոլանդական վարդեր աճեցնող ամենախոշոր ջերմատնային ընկերությունը՝ RoseArt-ը, Կոմիտասի անվան պանթեոնում հազարավոր հոլանդական վարդեր էր խոնարհել այստեղ հանգչող հայ մեծերի շիրիմներին։

Կոմիտասի թանգարան–ինստիտուտի տվյալներով՝ նույն ընկերությունը նման ակցիաներ է նախատեսում անցկացնել նաև Եռաբլուրում և քաղաքային պանթեոնում։