ԵՐԵՎԱՆ, 22 մարտի – Sputnik. Կորոնավիրուսի դեմ պայքարի միջոցառումների ցանկում վերջին օրերին տարբեր սոցիալական էջերում լայն տարածում են գտնում ուսուցողական տեսանյութերը, որոնցում գրեթե անխտիր նշվում է օրվա մեջ ձեռքերը մի քանի անգամ պարտադիր լվանալու մասին։
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը որոշել է սեփական օրինակով հասարակությանը ցույց տալ, թե ինչպես է հնարավոր սպանել վիրուսը։ Նախարարը Twitter-ի իր էջում տեսանյութ է հրապարակել, որտեղ նա լվանում է իր ձեռքերն ու խորհուրդ տալիս իր օրինակին հետևել։
«Կոռոնավիրուսի դեմ պայքարի կարևորագույն գործոններից մեկը ձեռքերը օճառով լվանալն է, և ճիշտ լվանալը։ Դա ունի իր բացատրությունը, քանի որ օճառը քայքայում է վիրուսի պատյանը, որը ճարպային հիմքով է, և մենք կարող ենք այն ոչնչացնենլ, եթե մեր ձեռքերը ճիշտ լվանանք»,- ասում է Թորոսյանը։
Նախարարը հորդորում է ձեռքերը լվանալուց հետո ծորակը փակել արմունկով կամ անձեռոցիկով։
«Լվացեք ձեր ձեռքերը և եղեք առողջ»,- եզրափակում է նա։
Նշենք, որ քիչ առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook-ի իր էջում հայտնեց, որ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը ավելացել է ևս 4-ով և դարձել 194։
Առավոտյան ժամը 10։00–ի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը 190 էր, իսկ մարտի 21-ի առավոտյան տվյալներով՝ 160։
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը երեկ հայտնեց, որ երկրորդ առողջացած պացիենտին են դուրս գրել, ում մոտ հետազոտությունը ցույց է տվել վիրուսի բացակայություն, ինչպես նաև նրա մորը, ում հետ նա ապրել է 21 օր նույն սենյակում և չնայած դրան, այդպես էլ չի վարակվել վիրուսով կամ վարակվել և շուտ լավացել է: «Ամեն դեպքում նրա բոլոր հետազոտությունները մինչ օրս բացասական են եղել»,- գրել էր նախարարը:
Հիշեցնենք` կորոնավիրուսի առաջին դեպքի մասին հայտնի դարձավ մարտի 1-ի վաղ առավոտյան. վարակվածը 29-ամյա տղամարդ էր, որն Իրանից Հայաստան էր ժամանել փետրվարի 28-ին: Նա արդեն դուրս է գրվել հիվանդանոցից։ Մարտի 11-ին ՀՀ–ում կորոնավիրուսի երեք նոր դեպք հայտնաբերվեց։
Վարակվածները եկել էին Իտալիայից։ Նրանցից մեկն Էջմիածնի բնակչուհի է և, ըստ լուրերի, գնացել էր Իտալիա` որդու ընտրյալի համար հարսանյաց զգեստ գնելու, այնուհետև Էջմիածնում մասնակցել էր որդու նշանադրությանը։ Դրանից հետո վարակակիրների թիվը սկսեց աճել։
ՀՀ–ն Չինաստանից դիմակներ է ստանում նույնիսկ այսպիսի դժվարին ժամանակահատվածում. ԱՆ
Մարտի 16-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ կորոնավիրուսի դեպք է արձանագրվել նաև Երևանի արտադրական ձեռնարկություններից մեկում։
Դրանից հետո հաստատված դեպքերի մեծամասնությունը կապված էր հենց այդ արտադրամասի հետ: Հայաստանում մարտի 16–ից ապրիլի 14-ը արտակարգ դրություն է հայտարարվել։
Մարտի 20-ին ԱԺ–ն առաջին ընթերցմամբ ընդունեց մեկուսացման պահանջի խախտումը քրեականացնող օրինագիծը։