ԵՐԵՎԱՆ, 22 մարտի— Sputnik. Նոր տիպի կորոնավիրուսային վարակի (COVID-19) տարածումն Արցախում կանխելու նպատակով ԱՀ քաղաքաշինության նախարարությանը հանձնարարվել է ՀՀ-ԱՀ հսկիչ անցակետերում բուժանձնակազմի համար պայմաններ ստեղծել: Տեղեկությունը հայտնում է Արցախի Հանրապետության քաղաքաշինության նախարարության Facebook-յան էջը։
««Խարխափուտ» հսկիչ կետում տեղադրվել է 1 վագոն-տնակ և 1 կունգ (9մ երկարությամբ՝ բոլոր հարմարություններով): «Աղավնո» հսկիչ կետում տեղադրվել է 1 վագոն-տնակ՝ բուժանձնակազմի և այլ պատասխանատու անձանց գիշերակացի համար, միաժամանակ կահավորվել է սպասասրահը՝ վարակակիրների մեկուսացման համար: «Կովսական» անցակետում տեղադրվել է 1 վագոն-տնակ: «Խնձորեսկ» հսկիչ կետում տեղադրվել է 2 վագոն-տնակ և կահավորվել: Վագոն-տնակի՝ էլեկտրական ցանցին միացած չլինելու պատճառով, տեղադրվել է 3.5 կվտ հզորությամբ գեներատոր»,–նշված է հաղորդագրության մեջ:
Նշենք, որ այսօր ռազմաբժշկական ծառայության պետ, գնդապետ Հրաչ Եգորյանը ստուգայց էր կատարել ՊԲ զորամասեր և հաստատել, որ ամեն ինչ արվում է բանակում կորոնավիրուսի դեպքերը բացառելու համար։
Նա նշել էր, որ զորամասերը և զինվորական հոսպիտալները ապահովված են ախտահանիչ և համաճարակային հիվանդությունների կանխարգելման համար անհրաժեշտ միջոցներով։
Ավելի վաղ Արցախի Հանրապետության կառավարությունը հայտնել էր, որ մի շարք գերատեսչությունների ներգրավմամբ իրականացվում են համալիր միջոցառումներ՝ սուր շնչառական վարակների և նոր կորոնավիրուսի տարածումը կանխելու և հանրապետությունում համաճարակային վիճակը կայուն պահելու համար:
Կորոնավիրուսով վարակվածների թիվը Հայաստանում դարձավ 190. նոր տվյալներ
Ընդհանուր առմամբ, մինչ օրս ախտորոշումը ճշտելու նպատակով, երեք տասնյակից ավելի փորձանմուշ է ուղարկվել ՀՀ, և ըստ առողջապահության նախարարության՝ բոլոր պատասխանները եղել են բացասական: