Վերին Լարսում մնացած ՀՀ քաղաքացիներին թույլ կտան հասնել Հայաստան

Հայաստանի իշխանություններին հաջողվել է Ռուսաստանի և Վրաստանի հետ բանակցությունների միջոցով ապահովել ՀՀ քաղաքացիների վերադարձը հայրենիք։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 մարտի — Sputnik. Վերին Լարսի անցակետում օրեր շարունակ մնացած ՀՀ 140 քաղաքացիները կկարողանան վերադառնալ։ Լուրը Facebook-ի իր էջում հայտնել է ՀՀ փոխվարչապետ, արտակարգ դրության պարետ Տիգրան Ավինյանը։

Հայաստանում խստացվում են սահմանափակումները. կփակվեն բոլոր բարերն ու ակումբները

«Ռուսաստանի և Վրաստանի մեր գործընկերների հետ օրեր շարունակ վարած բանակցությունների և մեր գործընկերների բարի կամքի շնորհիվ հնարավոր է եղել բացառության կարգով ապահովել Վերին Լարսի անցակետում օրեր շարունակ գտնված մոտ 140 ՀՀ քաղաքացիների տեղափոխումը Հայաստան` Վրաստանի տարածքով»,– հայտնում է նա։

Հիշեցնենք` կորոնավիրուսի տարածումը կանխելու միջոցառումների շրջանակներում Վրաստանի կառավարության որոշմամբ՝ մարտի 18–ից օտարերկրացիների, այդ թվում ՀՀ քաղաքացիների մուտքը Վրաստանի տարածք` արգելվել էր: Բացառություն է գործում միայն բեռնափոխադրողների համար։ Արդյունքում ՌԴ տարածքով ցամաքային ճանապարհով Վրաստանի սահմանին հասած ՀՀ քաղաքացիները օրեր շարունակ չէին կարողանում վերադառնալ Հայաստան։

Նման իրավիճակներից խուսափելու համար ՀՀ իշխանությունը ՌԴ-ից Հայաստան վերադառնալ ցանկացող ՀՀ քաղաքացիներին ևս մեկ անգամ կոչ է անում օգտվել բացառապես օդային ճանապարհից:

Կորոնավիրուսը հարվածեց նաև ծաղկի բիզնեսին. գործարարները ծաղիկները տարել են պանթեոն